Հոկտեմբերի 18-19–ին Նիկոլ Փաշինյանը մերժեց պատերազմը կանգնեցնելու ռուսական առաջարկը՝ հստակ իմանալով, որ պատերազմը պարտվելու է. Քոչարյան


Հոկտեմբերի 18-19–ին Նիկոլ Փաշինյանը մերժեց պատերազմը կանգնեցնելու ռուսական առաջարկը՝ հստակ իմանալով, որ պատերազմը պարտվելու է. Քոչարյան
Նոյեմբեր 9 22:46 2025

«Ամենից անհասկանալի կետն ինձ համար այն էր, երբ հոկտեմբերի 18-19–ին Նիկոլ Փաշինյանը մերժեց պատերազմը կանգնեցնելու ռուսական առաջարկը։ Ադրբեջանը համաձայն էր և Նիկոլ Փաշինյանը մերժեց՝ հստակ իմանալով, որ պատերազմը պարտվելու է, որովհետև Գլխավոր շտաբը զեկուցել էր, որ պատերազմը շարունակելու ռեսուրս բանակն այլևս չունի»,-5-րդ ալիքին տված հարցազրույցում ասաց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

 

Նա հիշեցչեց, որ եղել է ԳՇ-ի այդ զեկույցը, բայց փաշինյանը որոշում կայացրեց շարունակել պատերազմը։

 

«Իր բացատրությունը հետևյալն էր, որ այդպիսի որոշում եմ կայացրել, որ ինձ չասեն դավաճան։ Այդ որոշումը մեր ժողովրդի վրա նստել է առնվազն 2.5 հազար լրացուցիչ զոհ և առնվազն 5-6 հազար վիրավոր։ Բա սա առաջնորդի քա՞յլ է»,-ասաց Ռոբերտ Քոչարյանը։

 

Երկրորդ նախագահը նաև հիշեցրեց, որ Նիկոլ Փաշինյանը 2018թ-ից հետո իր հետ հանդիպելու որևէ փորձ չի արել, հանդիպել է առաջին նախագահի հետ, որից հետո ասել է, որ որևէ նոր բան չի լսել։

 

«Չեմ կարծում, որ ինքը  ընդհանրապես ընդունակ է որևէ խորհուրդ լսելու»,- ասաց  նա։

 

Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ պատերազմի երրորդ օրից արդեն հասկացել էր, որ մենք չենք հաղթելու պատերազմը։

 

«Երկրորդ օրը ես Ղարաբաղում էի և այն, ինչ տեսել եմ, մեկ-երկու օրվա ընթացքում ինձ բերել է համոզմունքի, որ այս պատերազմում մենք պարտվելու ենք։Երկու շաբաթ ես մնացել եմ Ղարաբաղում, ամեն օր Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի միջոցով փորձում էի հորդորել Արայիկ Հարությունյանին, որ անեն ամեն ինչ պատերազմը կանգնեցնելու համար։ Ակնհայտ էր, որ մենք պարտվում ենք»,-ասաց Երկրորդ նախագահը և հավելեց.

 

«Նույնիսկ ես առաջարկեցի այն ժամանակ հանդիպենք նախկին նախագահներով և ներկա նախագահով, թեկուզ Արայիկ Հարությունյանի նկատմամբ, իմ վերաբերմունքը հայտնի է։ Ինքը չպետք է հայտնվեր այնտեղ նախագահի պաշտոնում, բայց այնուամենայնիվ ես ինքս գնացի, առաջարկեցի և ես ունեի կոնկրետ պլան գործողությունների, թե ինչ է պետք անել»։

 

Նրա խոսքով՝ այն ժամանակ պաշտպանությունը կազմակերպելու տեսանկյունից շատ կոնկրետ առաջարկներ է ունեցել, զուգահեռ անելովլ ամեն ինչ օր առաջ պատերազմը կանգնեցնելու համար։

 

«Ինքը մերժեց, չուզեց հանդիպել և Բակո Սահակյանի միջոցով փոխանցեց հետևյալը։ «Եթե ես հանդիպեմ Քոչարյանի հետ, ինձ Հայաստանի վարչապետը ուտելու է»։ Ուղղակի իր բառն է՝ «ինձ կուտի»։ Պատերազմի ժամանակ Ադրբեջանից ավելի քիչ էին վախենում, քան տվյալ դեպքում իմ հետ հանդիպել և քննարկելու հանգամանքը»,–ասաց նա։

 

Ռոբերտ Քոչարյանը նշեց, որ պատերազմի օրերին Արցախում չի տեսել բանակի նորմալ կառավարում։

 

«Որովհետև մինչև այդ այնպիսի փոփոխություններ էին կատարվել հրամանատարական կազմում, և առանցքային պաշտոններում նշանակվել էին մարդիկ, որոնց հագով չէր այս պատերազմը։ Իսկ կադրային քաղաքականությունը հետևյալն էր, ինքը չէր վստահում բանակին և ուզում էր բանակում կարևոր պաշտոններում ունենալ լոյալ մարդկանց։ Իսկ լոյալ գեներալը կամ լոյալ բարձրաստիճան սպան միշտ չէ, որ այն սպանը, որը ունի բավարար հմտություններ պատերազմում հաղթանակ ունենալու համար։ Համատարած կադրային փոփոխություններ և հիմքում միայն եղել է լոյալությունը։ Վատ էին ընդհանրապես բանակի մատակարարման հետ կապված հարցերը»։