Փաշինյանի հայտարարությունը հանձնելու մասին է, ոչ թե ստանալու. Անժելա Էլիբեգովա


Փաշինյանի հայտարարությունը հանձնելու մասին է, ոչ թե ստանալու. Անժելա Էլիբեգովա
Նոյեմբեր 8 23:03 2025

Արծվաշենն ու ՀՀ մյուս օկուպացված ինքնիշխան տարածքները «վերադարձնելու» Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը ոչ թե տարածքներ վերադարձնելու, այլ հանձնելու մասին էր, Aysor.am-ին ասաց Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան:  

 

«Սա այն մասին է, ինչ իրենք տարիներ շարունակ քննարկել ու բարձրաձայնել են, որ, այո՛, պատրաստվում են Ադրբեջանին հանձնել Հայաստանից տարածքներ: Դեռ Կիրանցի հատվածի սահմանազատումը սկսելուց առաջ էին քննարկում, հերթականություն էլ էին ասել՝ ոնց են շարժվելու: Ամեն տարածքի համար յուրահատուկ մոտեցում ունեն՝ մի տեղ GPS-ով են անում, մի տեղ՝ սովետական քարտեզով, մի տեղ՝ Ադրբեջանի՝ պահի տակ ունեցած հարմարությամբ են անում: Բայց այդ բոլոր տարբերակները, որոնք ընտրում են, Հայաստանի շահի և անվտանգության հետ որևէ կերպ չեն առնչվում»,- ասաց ադրբեջանագետը:

 

Անժելա Էլիբեգովան վստահ է՝ ադրբեջանցիները ՀՀ օկուպացված տարածքներից դուրս չեն գալու.

 

«Որովհետև բազմաթիվ անգամներ ասել են՝ ո՞վ է ասում, որ մենք ձեր տարածքն ենք օկուպացրել: Կսահմանազատենք, նոր կերևա: Իսկ այդ սահմանազատումը կարող է տևել 30 և ավելի տարի: Այսինքն՝ այն, ինչ անոնսվում է, հանձնելու մասին է, ոչ թե ստանալու»: