Մեր սպառազինությունն ու ռազմական տեխնիկան Փաշինյանն է վերածել մետաղի ջարդոնի, մի մասն էլ՝ հենց այնպես հանձնել հակառակորդին. Սեյրան Օհանյան


Մեր սպառազինությունն ու ռազմական տեխնիկան Փաշինյանն է վերածել մետաղի ջարդոնի, մի մասն էլ՝ հենց այնպես հանձնել հակառակորդին. Սեյրան Օհանյան
Նոյեմբեր 8 21:51 2025

«Մեր ունեցած սպառազինության և ռազմական տեխնիկայի ամբողջ պաշարը ի՛նքն է վերածել մետաղի ջարդոնի, ընդ որում՝ մի մասը հենց այնպես հանձնել է հակառակորդին»,- Aysor.am-ին ասաց ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը՝ արձագանքելով Փաշինյանի հայտարարությանը, թե «նախկինների թողած ՀՕՊ համակարգը մետալալոմ էր»:

 

Պաշտպանության նախկին նախարարն ընդգծեց՝ մեր ունեցած մարտունակ բանակը Փաշինյանը դարձրել է պարտված բանակ, մեր բանակցային ամբողջ գործընթացն ուղղակի տապալել է, ու դա է հիմք հանդիսացել, որ հակառակորդը մարտական գործողություններ սկսի.

 

«Տեսել են, որ ՀՀ իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ոչ ադեկվատ պահվածք ունի, և սա առիթ է, որ սկսեն մարտական գործողություններ ու հասնեն հաջողությունների»:

 

Սեյրան Օհանյանի խոսքով՝ Փաշինյանը պետք է կարողանար ճիշտ գնահատել ռազմաքաղաքական իրավիճակը տվյալ ժամանակահատվածում. եթե վտանգ կար, որ հակառակորդը կարող է մարտական գործողություններ սկսել, պետք է ամբողջ պետությունը փոխադրեր ռազմական ռելսերի վրա, բանակը բերեր մարտական բարձր, լրիվ պատրաստականության, մարտական հերթապահությունից անցներ ամբողջությամբ պաշտպանության և ԶՈՒ կիրառման պլանի համաձայն՝ կատարեր բոլոր խնդիրները.

 

«Այդ ամենի պատասխանատուն ինքն է եղել: Հիմա պարտությունից հետո փորձում է սլաքները ուղղել և՛ նախկիններին, և՛ բանակին, ասել՝ մետաղե ջարդոն էր և այլն: Իրականում մենք այդ պարտությունն ունեցել ենք, որովհետև ինքը ոչ մի բանի չէր տիրապետում »: