«Ամեն օր մի նոր սուտ է հորինում՝ նախորդ սուտը կոծկելու համար: Իր տեսակն է այդպիսին: Եթե հայտարարում է, որ ադրբեջանական կողմը մեր սուվերեն տարածքները վերադարձնելու է, նշանակում է՝ դրա դիմաց եսիմ ինչեր է խոստացել»,- Aysor.am-ին ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե «Սահմանազատման արդյունքում պետք է վերադարձնենք Արծվաշենը և ՀՀ մյուս օկուպացված ինքնիշխան տարածքները»։
Պատգամավորի խոսքով՝ Փաշինյանի այդ հայտարարության իրատեսական լինելու դեպքում, մենք պետք է լսեինք նմանանտիպ տեղեկատվություն նաև ադրբեջանական կողմից.
«Եթե բանակցություն է, ապա երկխոսություն է, իսկ Ալիևից մենք նմանատիպ հայտարարություններ չենք լսում: Դեռ ավելին՝ Ալիևը ամեն նոր օր մի նոր պահանջ է դնում: Ալիևի հերթական ո՞ր պահանջն է կատարվել, որ հիմա էլ Ալիևը ինչ-որ բան է վերադարձնելու: Սրա մասին պետք է մտածել: Ալիևը վերադարձնելու մասին առայժմ ոչ մի բառ չէ՝ տառ անգամ չի ասել, առայժմ միայն խոսում է ստանալու մասին, պահանաջատեր է միայն »:
Պատգամավորը չբացառեց, որ Փաշինյանի այս հայտարարությանը կհաջորդի Տիգրանաշենի և այսպես ասած՝ անկլավների հանձնումը Ադրբեջանին. «Ինքն առաջինը դրանք կտա, հետո կմնանք սպասող՝ Ալիևի վերադարձնելու գործողություններին, որոնք չեմ կարծում՝ կյանքի են կոչվելու»:
Կյուրեղյանի խոսքով, ՀՀ օկուպացված տարածքներից ադրբեջանական զորքի դուրսբերումը պետք է ի սկզբանե դրված լիներ՝ որպես բանակցությունների նախապայման. «Ադրբեջանական բանակը մեր սուվերեն տարածքից պետք է դուրս հանվեր, հետո նոր սկսեին ինչ-որ բաներ փոխանակելու բանակցությունները: Մտել է մեր սուվերեն տարածք, դրա փոխարեն ուրիշ բաներ է ուզում, որ հետո մեր սուվերեն տարածքից դո՞ւրս գա: Սա բանակցություն չէ, կապիտուլյացիա է»:










