Փաշինյանի՝ Արծվաշենը հետ բերելու մասին հայտարարությունը նշանակում է մի բան. Զուրաբյան


Փաշինյանի՝ Արծվաշենը հետ բերելու մասին հայտարարությունը նշանակում է մի բան. Զուրաբյան
Նոյեմբեր 8 18:09 2025

«Նախ ասեմ, ես շատ վտանգավոր եմ համարում, որ Փաշինյանը սկսել է խոսել Արծվաշենի վերադարձի մասին»,-լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։

 

 Նա մասնակցում էր «Արդարադատության համակարգի բարեփոխումները» թեմայով քննարկմանը, որի նախաձեռնողներից մեկն էլ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն էր։

 

Զուրաբյանի համոզմամբ, Փաշինյանի այսօրվա հայտարարությունը, թե «սահմանազատման արդյունքում մենք պետք է վերադարձնենք Արծվաշենը և ՀՀ մյուս օկուպացված ինքնիշխան տարածքները», նշանակում է մի բան։

 

«Ուրեմն արդեն նրանից պահանջում են, որ ինքը վերադարձնի այն երեք անկլավները՝ Տիգրանաշենը, Տավուշի մարզի գյուղերը։ Սա շատ վտանգավոր զարգացում է, և հերթական անգամ ցուց է տալիս Ադրբեջանի դիկտատորությունը Հայաստանի նկատմամբ։ Այսօր մի լուծում կա, մենք կամ պետք է փոխանակենք այդ անկլավները, քանի որ դրանք մեզ համար շատ կարևոր, ստրատեգիական նշանակության ճանապարհների վրա են, պարզվելու է, որ այդ կարևոր ճանապարհներն անցնելու են Ադրբեջանի վերահսկողության ներքո, ինչը կարծում եմ, շատ վտանգավոր բան է։ Արծվաշենը ոչ մի խնդիր չի առաջանի Ադրբեջանի համար, այն շատ կտրված կղզյակ է, ստրատեգիական առումով որևէ բարդացում չի առաջացնելու Ադրբեջանի համար»,-ասաց նա։

 

Զուրաբյանի գնահատմամբ, եթե Հայաստանը գնա նման փոխանակման, ապա դա զգալիորեն վնասելու է Հայաստանի շահերն ու անվտանգությունը։

 

«Դրա համար այսօր ես տեսնում եմ երկու հնարավոր լուծում, փոխանակում, ուղղակի փոխանակել անկլավները՝ 38-40 քկմ-ի մասին է խոսքը, կամ էլ այդ հարցը հետաձգել երկարաժամկետ առումով և զբաղվել Հայաստանի ու Ադրբեջանի միջև վստահության կառուցման միջոցառումներով։ Գուցե տասնամյակներ հետո, կամ ավելի շուտ մենք կկարողանանք լուծել խնդիրը։ Կամ փոխանակել, կամ հետաձգել, սա է լուծումը։ Իսկ այն, ինչ առաջարկում է Փաշինյանը, հերթական հարվածն է Հայաստանի անվտանգությանը»,-ասաց Զուրաբյանը։