Մինչև 2026թ. ընտրությունները Նիկոլ Փաշինյանը սկսել է շինծու գործերով ռեպրեսիաների լուրջ շարք՝ ազգային ընդդիմադիր գործիչների դեմ. Aysor.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով Սերժ Սարգսյանին առաջադրված նոր մեղադրանքին։ Նա ընդգծեց, որ մեղադրանքի հիմքում դրված է մահացած գործարար Բաղդասարովի՝ տարիներ առաջ սխալ թարգմանության հետևանքով տրված, ապա հերքված ցուցմունքը և որի հիման վրա Սերժ Սարգսյանի՝ երկրից մեկնելն արգելվել է։
«Երեք սրբազաններն ինչո՞ւ են կալանավորված, Սամվել Կարապետյանն ինչո՞ւ է կալանավորված, ապա Դավի Համբարձումյանը, դրանից առաջ՝ Արմեն Աշոտյանը, հիմա էլ՝ Սերժ Սարգսյանի տեղաշարժը սահմանափակելը։ Ամեն ինչ անում է, որ ռեպրեսիաներով իր ճանապարհը հարթի»,- ասաց ընդդիմադիր քաղաքական գործիչը։
Ըստ Շարմազանովի՝ իրենց ոչինչ չի մնում եզրակացնելու, որ այս ամենն Ալիևի պահանջով է. «Ալիևը ամիսներ առաջ հրապարակայնորեն ասաց, որ Հայաստանում, այսպես ասած, ռևանշիստական ուժերը պետք է գլուխ չբարձրացնեն, տեղ չունենան, և ասաց, որ եթե Հայաստանի իշխանություններն այդ հարցերը չլուծեն, ինքը կլուծի։ Ալիևի խոսքերն են և հիմա ես կարող եմ ենթադրել, որ այս իշխանությունները կատարում են Ալիևի հրահանգները»։
Շարմազանովը նշեց, որ եկեղեցին Արցախի և պետականության մասին միշտ էլ խոսում էր, բայց հարձակումները սկսեցին այն ժամանակ, երբ Ալիևը պահանջները խստացրեց։ «Բոլորով, ընդամենը մեկ տարի առաջ, գնացել էին մյուրոնօրհնության ու Էջմիածնի եկեղեցու վերաօծման։ Այդ մյուրոնն ո՞վ էր օրհնել՝ Վեհափառ Հայրապե՞տը չէր օրհել, կամ՝ ո՞վ էր օծել՝ Վեհափա՞ռը չէր»։
Շարմազանովը նշեց՝ տեսնելով, որ դատարաններն անհիմն գտան իրենց «օպերատիվ տեղեկությունը» Սերժ Սարգսյանի երկրից ելքն արգելելու համար, 25 տարի վաղեմության գործ գտան։
«Ամեն ինչ արել են, որ Սերժ Սարգսյանը երկրի սահմաններից դուրս չգա, բայց նա նախ կուսակցության նախագահ է և արտաքին կապերով պայմանավորված խնդիր է նրա տեղաշարժի սահմանափակումը։ Իրենց պետք է, որ որևէ մեկն այստեղից այլընտրանքային կարծիք չհայտնի՝ Արցախյան հարցով, գերիների հարցով, մինչ դա էլ նաև սահմանափակել էին միջազգային պատասխանատու Արմեն Աշոտյանին։
Բացի այդ, կարող են նաև անձնական խնդիրներ լինել։ Նպատակը չգիտեմ ինչն է՝ ամեն կերպ միջոց գտնել Սերժ Սարգսյանի՝ երկրի սահմաններից դուրս տեղաշարժը սահմանափակելու, ելքը երկրից արգելելու համար։ Չգիտեմ՝ վերքին խնդիր է, մանր քինախնդրություն է, թե փոքրիկ բռնապետի տհաճություններ․․․ Սա քաղաքական ռեպրեսիա է՝ երրորդ նախագահի և ՀՀԿ-ի նկատմամբ»,- ասաց նա։
ՀՀԿ անդամ Շարմազանովը նշեց, որ իր համար զավեշտալի է, որ իբրև թե «օպերատիվ տեղեկություն» ունեն, որ Սերժ Սարգսյանը պետք է երկրից փախչի. «Փախնող լիներ, կփախներ էլի. թուրքից չի փախել, ձեզնից պետք է փախնի՞, փախնելն իրենց պառլամենտի գործը չէ՞, երկու տարի ի՞նքը չէր, որ փախուստի մեջ էր, Սերժ Սարգսյանն ո՞ւր պետք է փախնի»։
Շարմազանովի պնդմամբ՝ դատախազությունը զբաղված է նման գործեր սարքելով. «Դատախազությունն ասում էր՝ 44-օրյա պատերազմի ընթացքում հազարավոր դավաճանություններ են եղել, ո՞ւր են այդ դավաճանները։ Կամ՝ երբ Նիկոլն ասում էր՝ շպիոնները քաղաքական դաշտում վխտում են, մի քաղաքական լիդեր կա՞, որ նման մեղադրանք առաջադրված լինի»,- ասաց նա։










