Մեկ ամսով կալանավորվել է Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսի եղբայրը՝ Գևորգ Ներսիսյանը


Մեկ ամսով կալանավորվել է Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսի եղբայրը՝ Գևորգ Ներսիսյանը
Նոյեմբեր 3 17:38 2025

Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսի եղբայրը՝ Գևորգ Ներսիսյանը, մեկ ամսով կալանավորվել է։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնել են Քննչական կոմիտեից։

 

Ըստ ՔԿ-ի՝ Գևորգ Ներսիսյանի և նրա որդու՝ Համբարձում Ներսիսյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենագրքի 211-րդ հոդվածով (քարոզչություն կատարելուն կամ քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելը կամ քարոզչություն կատարելուն այլ կերպ խոչընդոտելը):

 

Նշենք, որ Քննչական կոմիտեն ավելի վաղ հայտնել էր, որ միջնորդություն է ներկայացրել Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան Գարեգին Բ-ի եղբոր՝ Գևորգ Ներսիսյանի և վերջինիս որդու՝ Համբարձում Ներսիսյանի նկատմամբ կալանքն ընտրել որպես խափանման միջոց։ 

 

Նշվում է, որ Վաղարշապատ խոշորացված համայնքում «Հանրապետություն» կուսակցության թեկնածու Հարություն Մկրտչյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում էր արել, որում հայտնել էր, որ նոյեմբերի 1-ին՝ ժամը 16:10-ի սահմաններում, Գևորգ Ներսիսյանը իր որդիների հետ Վաղարշապատ խոշորացված համայնքի Ոսկեհատ բնակավայրում խոչընդոտել է իր քաղաքական թիմի քարոզարշավի անցկացումը: