Աղքատությունը շարունակում է մնալ Հայաստանի մարտահրավերներից. Զարուհի Բաթոյան


Աղքատությունը շարունակում է մնալ Հայաստանի մարտահրավերներից. Զարուհի Բաթոյան
Հոկտեմբեր 17 11:23 2025

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանը գրել է.

«Հոկտեմբերի 17-ն աղքատության վերացման միջազգային օրն է։

Համաձայն ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած «Պարենային ապահովություն և աղքատություն, 2024 թ. հունվար-դեկտեմբեր» զեկույցի՝ ըստ 2023 թվականի տվյալների, Հայաստանի բնակչության 23.7%-ն աղքատ է․ ցուցանիշը նախորդ տարվա 24.8%-ից նվազել է 1.1 տոկոսային կետով։ Աղքատության մակարդակը տարբեր է քաղաքային և գյուղական բնակավայրերում․ քաղաքներում այն կազմել է 21.5%, իսկ գյուղերում՝ 27%։ Ծայրահեղ աղքատության մակարդակը նույնպես նվազել է՝ 2022 թվականի 1.2%-ից հասնելով 1.1%-ի 2023 թվականին։

«Աղքատությունը շարունակում է մնալ Հայաստանի մարտահրավերներից մեկը։

Դրա հաղթահարման համար առանցքային է ծառայությունների հասանելիությունն ու մատչելիությունը, հատկապես այնպիսի խմբերի համար, ինչպիսիք են երեխաները, տարեցները, հաշմանդամություն ունեցող անձինք, կանայք, տեղահանվածները և այլ խմբեր, որոնք առավել զգայուն են աղքատության նկատմամբ։

Վերջին տարիներին պետության կողմից տրամադրվող ծառայությունների ծավալն աճել է, սակայն դեռևս լուրջ խնդիր է մնում դրանց մասին պատշաճ իրազեկումը և տեղեկատվության հասանելի ու մատչելի ձևաչափով տրամադրումը։ Բացի այդ, շարունակում է արդիական մնալ ծրագրերի ընթացակարգերի վերանայման ու դյուրինացման անհրաժեշտությունը, որի նպատակը պետք է լինի մարդուն ավելի արագ և նպատակային աջակցություն ցուցաբերելը։

Մենք պետք է ամեն բան անենք, որպեսզի նվազեցնենք մարդկանց կախվածությունը սոցիալական աջակցության ծրագրերից, սակայն դրանց տրամադրումը պետք է հիմնված լինի խտրականության բացառման, մարդու իրավունքների և արժանապատվության հանդեպ հարգանքի սկզբունքների վրա»,- գրել է նա։