Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրել է.
«Ինչու Իրանում հարգանքով են մոտենում քրիստոնեական մշակույթի և եկեղեցիների հանդեպ, իսկ Թուրքիայում եկեղեցիները կա՛մ ոչնչացնում են, կա՛մ՝ մզկիթի վերածում: Պատճառները կարևոր են, հատկապես ներկայիս աշխարհաքաղաքական առումով:
Իրան
Մեծ նշանակություն ունի Իրանի հարուստ մշակութային, քաղաքակրթական ու կրոնական ժառանգությունը: Իրանը չունի ոչ լիարժեքության կոմպլեքս իր անցյալի հանդեպ: Իրանական քաղաքակրթությունն Իսլամով չի սկսվել ու Իսլամով չի վերջանում: Հարուստ մշակույթ ունեցող ժողովրդները հարգանքով են վերաբերվում նաև մյուս մշակույթների հանդեպ, հատկապես այն ժողովուրդների ու մշակույթների, որոնք իրենց տարածքում են ստեղծագործել, համարելով, որ դա նույնպես իրենց քաղաքակրթության մի մասն է:
Իրանում ոչ միայն հարգանքով են վերաբերվում պատմամշակութային նման ժառանգությանը, այլև պետական հոգածություն են ցուցաբերում:
Թուրքիա
Թուրքերն ունեն անլիարժեքության բարդույթ իրենց անցյալի հանդեպ ու պատճառը պարզ է: Ժամանակակից թուրք ազգը խառնարան է, որը յուրացրել է իր տարածքում եղած մշակույթներ ու քաղաքակրթություն ստեղծած մյուս ժողովուրդների ժառանգությունը:
Թուրքը կրոնափոխների խառնարան է և այդ ժողովուրդների ժառանգությունն իրենց հիշեցնում է իրենց ինքնության բարդույթները: Այսօրվա թուրքերը թուրք են դարձել միմիայն Իսլամի շնորհիվ ու Իսլամի միջոցով: Հանում ես Իսլամը, տակը ոչինչ չի մնում՝ դատարկություն: Մյուս մշակույթները «պահարում պահված հին ոսկորներ» են, որոնք պետք է այնտեղ էլ մնան, թաքնված, որ չհիշեցնեն թուրքերի անցյալի մասին:
Դրա համար Թուրքիայում ատում են այդ ժողովուրդների ժառանգությունը, եկեղեցիները վերածում են մզկիթների, որպես այդ տարածքի անցյալի հանդեպ տարված հաղթանակի խորհրդանիշներ:
Աթաթուրքը փորձեց թուրքերին վերածել քաղացիական ազգի, բայց դա բազմաթիվ հարցեր ու հարցադրումներ էր առաջացնում, որոնց պատասխանների որոնումը քայքայում էր թուրքերի ինքնությունը: Վերջին տասնամյակում բազմաթիվ եկեղեցիներ, որոնց զգալի մասը թանգարանների էին վերածվել, նորից մզկիթներ են դարձնում:
Այսօրվա Հայաստանը, ինչպես էլ այն չկոչեք, թեկուզ՝ «Իրական», իրենց հիշեցնելու է իրենց բարդութավորված անցյալը և իրենք, ինչ էլ մենք չանենք, շարունակելու են մեզ ատել: Ատելության պատճառը մենք չենք, այլ իրենց պատմությունը, որի մասին փորձում են մոռանալ»: