«ՀՀ հարկային օրենսգրքում նախատեսված փոփոխությունների նպատակը եկամուտների հայտարարագրման համակարգի պարզեցումն ու հետագա բարելավումն է»,-կառավարության նիստում հայտնեց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը՝ նշելով որ փոփոխությամբ պարզեցվում է հայտարարագրի ներկայացման գործընթացը։
Ըստ փոխնախարարի, հայտարարագրերը կնախալրացվի ՊԵԿ կողմից և հայտարարատուները կունենան բավականին երկար ժամանակ` մուտք գործելու ՊԵԿ համակարգ` ստուգելու հայտարարագրի ամբողջականությունն ու ճշտությունը։
«Եթե հայտարարագրում չկա փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն, ապա հայտարարագիր ներկայացնելու վերջնաժամկետին, որը կանոնի համաձայն հաշվետու տարվան հաջորդող տարվա հուլիսի 1-ն է, հայտարարագիրը կհամարվի լրացված»,- ասաց փոխնախարարը։
Նրա խոսքով՝ հաջորդ տարվա անցումային շրջանի համար շատ ժամանակ կա՝ նոյեմբերի 1-ն է։
Պողոսյանը նաև տեղեկացրեց, որ «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենսգրքից կհանվի հայտարարագիրը սահմանված ժամկետում չներկայացնելու դեպքում նախատեսված պատասխանատվության միջոցը՝ տուգանք։
Փոխնախարարի խոսքով` եթե քաղաքացին ուզում է հետ ստանալ առողջապահական և կրթության գծով սոցիալական ծախսերը, ապա անպայման պետք է գրանցվի ՊԵԿ համակարգում և էլեկտրոնային ստորագրությամբ վավերացնի հայտարարագիրը։
Պողոսյանը տեղեկացրեց, որ հայտարարագրման ենթակա չեն լինի ներգրավված միջոցները` փոխառությունները, վարկերը, «օվեր դրավթները», ընտանիքի անդամների միջև չհարկվող եկամուտները, կենցաղային ծախսերի համար փոխանցումները։
Փաշինյանն էլ արձանագրելով, որ ընդամենը 130 հազար մարդ է ներկայացրել հայտարարագիր՝ վստահեցրեց, որ դրանց 60 %-ի դեպքում քաղաքացիները որևէ փոփոխություն չեն արել ՊԵԿ-ի ինքնաշխատ եղանակով ներկայացված տվյալների մեջ, այդ պատճառով էլ պարզեցնում են համակարգը։