Հավաքներին մասնակցելու համար նյութապես շահագրգռելն այնքանով, որքանով դա ավելի է պարզեցնում և հնարավոր դարձնում մարդկանց մասնակցությունը այդ հավաքին, չի կարող արգելվել, առավել ևս` քրեականացվել


Հավաքներին մասնակցելու համար նյութապես շահագրգռելն այնքանով, որքանով դա ավելի է պարզեցնում և հնարավոր դարձնում մարդկանց մասնակցությունը այդ հավաքին, չի կարող արգելվել, առավել ևս` քրեականացվել
Հոկտեմբեր 16 15:36 2025

Փաստաբան Սոս Հակոբյանը հիշեցրել է Վենետիկի հանձնաժողովի կարծիքը, որում նշվում է, որ հավաքներին մասնակցելու համար նյութապես շահագրգռելը այնքանով, որքանով դա ավելի է պարզեցնում և հնարավոր դարձնում մարդկանց մասնակցությունը այդ հավաքին, չի կարող արգելվել (առավել ևս չի կարող քրեականացվել)։

«Վենետիկի հանձնաժողովի կարծիքի մասին ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասի վերաբերյալ․

Նախ, Վենետիկի հանձնաժողովը Սահմանադրական դատարանի դիմումի հիման վրա քննարկել է «հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռել» եզրույթի իրավական որոշակիության սկզբունքի և հավաքների ազատության հիմնարար իրավունքի խախտման կոնտեքստում։

Երկրորդ, Հանձնաժողովի կարծիքում կարմիր թելով անցնում է հետևյալ էական միտքը․ հավաքներին մասնակցելու համար նյութապես շահագրգռելը, այնքանով, որքանով դա ավելի է պարզեցնում և հնարավոր դարձնում մարդկանց մասնակցությունը այդ հավաքին, չի կարող արգելվել (առավել ևս չի կարող քրեականացվել)։ Հանձնաժողովը նշել է, որ հավաքի կազմակերպման հետ կապված կազմակերպչական, նախապատրաստական աշխատանքները խաղաղ հավաքներ անցկացնելու իրավունքի անքակտելի մասն են կազմում։

Հանձնաժողովի կարծիքով՝ լոգիստիկ աջակցությունը՝ տրանսպորտ տրամադրելը, սնունդ, կեցություն ապահովելը, կամ գլխավոր բանախոսներին վճարելը խաղաղ հավաք անցկացնելու սովորական միջոցներ են։ Հանձնաժողովը նշել է նաև, որ հավաքի կազմակերպչին պատժելը հավաքի մասնակցիների նյութապես շահագրգռելու համար ուղղակիորեն խախտում է հավաքների ազատությունը։

Մեկ այլ կարևոր միտք է բխում նշյալ կարծիքից։ Հանձնաժողովը պետության դերը նման հարցերի կարգավորման դեպքում առավելապես վերագրում է ֆինանսական միջոցների թափանցիկության և քաղաքական մրցակցության ապահովման խնդրին։ Պարզ ասած, որ, մի կողմից հնարավոր լինի հասկանալ, թե ով է ֆինանսավորում քաղաքական արշավը, իսկ մյուս կողմից՝ զսպել անսահմանափակ ռեսուրսներ ունեցող անհատներին, օտարերկրյա ուժերին և այլ սուբյեկտներին շատ փողի միջոցով այլ քաղաքական դերակատարներին լռեցնելու և անկարևոր դարձնելու փորձերը։ ԱՅՍ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄՆԵՐՆ ԷԼ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱՐԾԻՔՈՎ ԱԿՏՈՒԱԼ ԵՆ ԲԱՑԱՌԱՊԵՍ ԸՆՏՐԱԿԱՆ ՊՐՈՑԵՍՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՍՔՈՒՄ։

Ամփոփելով՝ Հանձնաժողովը եզրակացրել է, որ նյութապես շահագրգռելու ձևակերպումը խնդիր ունի իրավական որոշակիության հետ, կարող է պատճառ հանդիսանալ պետության կողմից կամայական մեկնաբանման և կիրառման՝ ոչ իրավաչափորեն զսպելով և խոչընդոտելով միջազգային հիմնարար նորմերով սահմանված հավաքների ազատության հիմնարար իրավունքը»,- գրել է Հակոբյանը։