Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների իրացման փորձ կատարած անձինք կալանավորվել են


Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների իրացման փորձ կատարած անձինք կալանավորվել են
Հոկտեմբեր 15 16:10 2025

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ նախնական համաձայնությամբ, իրացնելու նպատակով, մաքսանենգությամբ ՀՀ է տեղափոխվել առանձնապես խոշոր չափերով՝ 4780․59 գրամ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց։

Այնուհետև, թմրամիջոցը մաքսանենգությամբ Հայաստան տեղափոխած անձը կապ է հաստատել Ա.Խ.-ի և երկու օտարերկրյա քաղաքացու հետ՝ առաջարկելով շահադիտական դրդումներով, իրացնելու նպատակով, ձեռք բերել մաքսանենգությամբ ՀՀ տեղափոխված առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցից առանձնացված զանգվածներ, ինչին վերջիններս համաձայնել են:

Խմբի կազմում գործող Ա․Խ․-ն և օտարերկրյա երկու քաղաքացիներն իրենց կամքից անկախ հանգամանքներում չեն կարողացել ավարտին հասցնել առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներն ապօրինի ձեռք բերելու և տեղափոխելու հանցավոր մտադրությունը, քանի որ վերջիններս ձերբակալվել և ներկայացվել են նախաքննական մարմին:

Երեք անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 44-393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելու փորձը)։ 

Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը:

Երեք անձի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ։