Irakanum.am -ի տեղեկություններով` նախօրեին Նիկոլ Փաշինյանը հրահանգել է իրավապահ համակարգի ղեկավարներին` ակտիվացնել հոգևորականների դեմ ճնշումները։ Վարչապետի հրահանգին օպերատիվորեն արձագանքել է գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը` ցուցում տալով քննչական կոմիտեին` «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի հանցագործության մասին հաղորդման հիման վրա քրեական վարույթ նախաձեռնել։
Ուշագրավ էր, որ Վարդապետյանի ղեկավարած կառույցում օրական մի քանի տասնյակ հաղորդումներ են ստացվում հանցագործության մասին, այդ թվում` փաստաբանների կողմից, սակայն դրանց հիման վրա մեծամասամբ կազմվում են քրեական վարույթ չնախաձեռնելու արձանագրություններ կամ էլ ամսներով մնում անպատասխան։
Նշենք, որ այսօր բերման ենթարկված հոգևորականների փաստաբաններ Մարինե Ֆարմանյանն ու Արա Զոհրաբյանը նշում են, որ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ղեկավար Դանիել Իոանիսյանի հաղորդման հիման վրա է բերման ենթարկելու այս գործընթացը տեղի ունեցել:
Մասնավորապես, Հովհաննավանքի հոգևոր հովիվ տեր Արամ քահանայի՝ Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցից հետո է հաղորդում ներկայացվել:
Ըստ ընթացող զարգացումներից ակնհայտ է դառնում, որ դատախազի պաշտոնը զբաղեցնող Աննա Վարդապետյանը մնացել է Նիկոլ Փաշինյանի օգնականի կարգավիճակում: