«Ես բոլոր նրանց հետ եմ, ովքեր պայքարում են մեր թշնամիների դեմ։ Ցավոք սրտի, մեր իշխանությունը պետական չի և պետությանը չի»,- այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց երգիչ Դավիթ Ամալյանը, որը ևս Հակակոռուպցիոն դատարանի բակում էր՝ հաջակցություն Սամվել Կարապետյանի։
Նշենք, որ Հակակոռուպցիոն դատարանը քննում է ՔԿ միջնորդությունը՝ կալանքը երկարաձգելու վերաբերյալ։ Դատարանի բակում բազմաթիվ մարդիկ են հավաքվել՝ ի աջակցություն գործարար, բարերար Սամվել Կարապետյանի։
Ամալյանը հույս ունի, որ կգա այն օրը, երբ իշխանությունը կլինի պետականամետ և նա այլևս որևէ դատարանի բակում չի հայտնվի։ Նա համոզված է, որ նման օր կգա։
«Ցանկացած գիշեր արևածագով է վերջանում, ցանկացած ցուրտ, ի վերջո, տաքով է վերջանում»,- ասաց նա։
Անդրադառնալով Սամվել Կարապետյանի կալանքի պատճառներին վերաբերող հարցին, Ամալյանն ասաց․ «Եթե ամփոփենք կալանավորվածներին կալանավորվելու պատճառները, ուղղակի կարելի է բարձր ծիծաղել։ Հետաքրքիր է, որ սոցցանցային ֆեյքերը,որոնց մարդ չի կարելի անվանել, ո՞նց են կարողանում ծաղրել թե՛ սրբազաններին, թե՛ Սամվել Կարապետյանին, թե՛ մնացածին։ Հիմա, եթե Սամվել Կարապետյանը «մեր ձևով» արտահայտության մեջ որևէ վատ բան է արել, այսինքն ի՞նչ , սրբազանն էլ տեռորի՞ստ էր։ Ես անձամբ Բագրատ Սրբազանին ճանաչելով,այդ ձայնագրությունը, որ լսեցի, սկսեցի ծիծաղել, որովհետև 10 տարուց ավելի ընկեր ենք և իր հետ ուղղակի կենցաղային շփման ժամանակ այդ լեքսիկոնը չեմ լսել»,- հավելեց Ամալյանը։