Արցախցի պատգամավոր Դավիթ Գալստյանի խափանման միջոցը փոխվեց` տնային կալանք և 5 մլն դրամ գրավի ռեժիմով: Այս մասին 18 արդարների գործով դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց փաստաբան Հովհաննես Խուդոյանը։
«Դավիթ Գալստյանի վերաբերյալ վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ տնային կալանք և գրավի է փոխվել։ Նաև իմացանք, որ Միհրան Մախսուդյանի վերաբերյալ բողոքը մասնակի բավարարվել է, նույն ձև տնային կալանք։Նաև իմացա, որ Բագրատ Սրբազանի մասով նույնպես մասնակի բողոքը բավարարվել է՝ տեսակցությունների արգելքի վերացման մասով, բայց կալանքը դեռ պահպանվում է»,-ասաց Խուդոյանը։
Անդրադառնալով այս նիստին իր կողմից ներկայացրած միջնորդությանը, Խոդոյանը նշեց, որ հանրային քրեական հետապնդումը դադարեցնելու հարցն ամբողջությամբ չքննարկվեց։
«Միջնորդությունն ամբողջությամբ ես ներկայացրեցի։Պետք է արձանագրել՝ այս փուլում, եթե դատարանը չի դադարեցնում հետապնդումը, ապա հետագայում արդարացման դատական ակտ կայացնելու դեպքում, ստացվում է, որ այս ամբողջ ժամանակահատվածում անձինք հանիրավի գտնվել են ազատազրկված կամ քրեական հետապնդվողի կարգավիճակով»,- մանրամասնեց փաստաբանը։