Ալիևը փաստ է ստեղծում, Փաշինյանը շարունակում է պատրանքներ վաճառել․ քաղաքագետ


Ալիևը փաստ է ստեղծում, Փաշինյանը շարունակում է պատրանքներ վաճառել․ քաղաքագետ
Հոկտեմբեր 9 10:21 2025

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է․

 

Ալիևը փաստ է ստեղծում, Փաշինյանը շարունակում է պատրանքներ վաճառել։

 

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Գաբալայում կայացած Թյուրքալեզու պետությունների գագաթնաժողովում հայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցքի բացումը Վաշինգտոնյան գագաթնաժողովի կարևորագույն արդյունքներից մեկն էր»։

 

Գագաթնաժողովից հետո ընդունված Գաբալայի հռչակագրում նույնպես ամրագրված է նույն ձևակերպումը՝ որպես տարածաշրջանային համագործակցության առանցքային բաղադրիչ։

 

Մինչ Բաքուն փաստացի հայտարարում է, որ միջանցքի գաղափարը իրագործված համաձայնություն է, Հայաստանի վարչապետի խոսնակը փորձում է համոզել հանրությանը, թե Ալիևի խոսքերը «չեն վերաբերում ՀՀ տարածքին»։

 

Այս արձագանքը ոչ թե հստակ քաղաքական դիրքորոշում է, այլ փորձ՝ պատրանք ստեղծել, թե ամեն ինչ կարելի է բացատրել «յուրովի»։

 

Սա déjà vu է։

 

Նույն սխալը տեսել ենք 2020-ին, երբ Փաշինյանը փորձում էր հավատացնել, թե նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը չի նշանակում ռուսական վերահսկողություն։

 

Այդ ինքնախաբեությունն ավարտվեց Արցախի կործանմամբ։

 

Այսօր նույն սխեման կրկնվում է։

 

Փաշինյանը կրկին փորձում է սեփական մեկնաբանությամբ ներկայացնել միջազգային փաստաթուղթը՝ այս անգամ՝ Վաշինգտոնի հռչակագիրը։

 

Սակայն պատմությունը չի ներում նման «քմահաճություն»:

 

Այն, ինչ ներկայումս ներկայացվում է որպես «տրանսպորտային նախագիծ» կամ «խաղաղության ուղի», վաղը կարող է դառնալ Հայաստանի ինքնիշխանության հերթական խաթարում։

 

Այս իրավիճակում իշխանության լռությունը կամ պատրանքային մեկնաբանությունները այլևս չեն կարող համարվել դիվանագիտական զսպվածություն․ դա քաղաքական անպատասխանատվություն է, որը հարվածում է պետության ինքնիշխան հիմքերին։