Ոստիկանությունն այսօր ստուգումներ է իրականացրել Փարաքար խոշորացված համայնքում՝ տներում և բնակավայրեր մուտք գործող մեքենաներում։ Այս մասին NEWS.am–ին հայտնեցին Ներքին գործերի նախարարությունից։
ՆԳՆ–ից հայտնեցին, որ խուզարկություններ են իրականացվել Մերձավան բնակավայրի 30-ից ավելի հասցեներում։
Նշենք, որ ավելի վաղ լրատվամիջոցները գրել էին, որ իրավապահները խուզարկել են Մերձավանի նախկին ղեկավար Մհեր Ախտոյանի հայրական տունը։
Հիշեցնենք` սեպտեմբերի 23-ի ուշ երեկոյան Մերձավանում` Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի տան բակում, դիմակավորված անձը մոտեցել է կանգնած 3 անձանց, կրակահերթ արձակել և հեռացել:
Միջադեպի հետևանքով սպանվել են Վալոդյա Գրիգորյանը և ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերլիազոր Կարեն Աբրահամյանը, որը դեպքի պահին ծառայության մեջ չի եղել։ Դեպքի վայրում վիրավորում է ստացել ևս մեկ քաղաքացի` Արծրուն Գալստյանը։
Դեպքից հետո ձերբակալվեն են նույն գյուղի բնակիչներ Նարեկ Օհանյանը և Գևորգ Հարությունյանը։ Գևորգ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ապօրինի զենքի շրջանառության և սպանության հատկանիշներով, Նարեկ Օհանյանին՝ սպանությանն օժանդակելու հատկանիշներով։