Տեսնում եմ, որ ԿԳՄՍՆ-ի համար իրենց իսկ մեղքով ուսանողների ոտնահարված իրավունքն արտառոցություն չէ, բայց դասադուլավորներին հորդորում եմ վերադառնալ լսարաններ. Գորիսի պետական քոլեջի տնօրեն


Տեսնում եմ, որ ԿԳՄՍՆ-ի համար իրենց իսկ մեղքով ուսանողների ոտնահարված իրավունքն արտառոցություն չէ, բայց դասադուլավորներին հորդորում եմ վերադառնալ լսարաններ. Գորիսի պետական քոլեջի տնօրեն
Հոկտեմբեր 8 15:48 2025

Գորիսի պետական քոլեջի տնօրեն Կարեն Լազարյանը հայտարարություն է տարածել՝ հորդորելով գործընկերներին և ուսանողներին վերադառնալ լսարաններ ու վերականգնել ուսումնական գործընթացը։

Նա մասնավորապես գրել է. «Մեծագույն ցավ ու ափսոսանք եմ ապրում, որ երեկ՝ հոկտեմբերի 7-ին, և այսօր՝ հոկտեմբերի 8-ի առավոտյան ժամերին գործադուլի և դասադուլի պատճառով, Գորիսի պետական քոլեջում խաթարված է ուսումնական գործընթացը։

Տեսնում եմ, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարության համար՝ իրենց իսկ մեղքով հարյուրավոր ուսանողների ոտնահարված իրավունքը, արտառոցություն չէ։

Առանց որևէ վերապահումի համաձայն եմ գործադուլավորների և դասադուլավորների պահանջներին։

Այդ ամենից առաջ, սակայն, ինձ համար մեծագույն և անսակարկելի գաղափարն ուսանողների կրթական իրավունքի ապահովումն է, մանավանդ որ հարյուրավոր պատանիներ ու աղջիկներ մեզ հավատալով են սովորելու եկել Գորիսի պետական քոլեջ։

Ուստի և խնդրում–հորդորում եմ գործընկերներիս, իմ սիրելի ուսանողներին՝ հոկտեմբերի 8-ի այս ժամից, վերադառնալ լսարաններ ու վերականգնել ուսումնական գործընթացը, նաև առաջիկա շաբաթ օրը վերականգնել երեկվա բացթողածը։

Դուք հոկտեմբերի 7-ին՝ ԿԳՄՍ նախարարի խորհրդականի ներկայությամբ, անհամաձայնություն հայտնեցիք ստեղծվող քոլեջի տնօրենի ժ/պ–ի նշանակման վերաբերյալ նախարարի որոշմանը։

Ձեր իրավունքն է՝ հետայսու նույնպես գործել սեփական խղճի մտոք։

Բայց այս պահին դասապրոցեսը վերսկսելու համար որևէ խոչընդոտ չկա։

Հավատում եմ՝ խնդրանք–հորդորս չեք մերժի»։