Հայաստանում աղքատություն է, բայց հարստանում է Քոչարյանի ընտանիքը


Հայաստանում աղքատություն է, բայց հարստանում է Քոչարյանի ընտանիքը
Հոկտեմբեր 7 13:42 2025

Աղքատությունն ամոթ է: Այսօր հայտարարել է անձնական վրեժխնդրությամբ որոշ լրագրողների իր ասուլիսին չհրավիրած Քոչարյան Ռոբերտը: Իրականում ճիշտ է ասում «Հայաստան» դաշինքի ղեկավարը, ուղղակի մոռանալով մեկ կարևոր հանգամանք նշել, եթե երկրում աղքատություն կա, ապա ինչպես է նրա ընտանիքը ամենօրյա ռեժիմով հարստանում:

ՍիվիլՆեթի փաստերի ստուգման թիմը բաց աղբյուրների և պետական ռեեստրների ուսումնասիրությամբ ներկայացրել է, թե երբ են Քոչարյանի ընտանիքի անդամները ներգրավվել իրավաբանական տարբեր կազմակերպություններում՝ բիզնեսներում։

Ներկայացնում ենք այն ամբողջությամբ, ակնկալելով, որ Քոչարյան Ռոբերտի հիշողությունը կթարմանա և նաև պարզ կդառնա, թե ինչու է Հայաստանն աղքատ:

Բիզնեսները, որտեղ բաժնետեր կամ հիմնադիր են եղել Քոչարյանի նախագահության տարիներին

Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի բիզնեսների մեծ մասի սեփականատերն ու հիմնադիրը նրա ավագ որդին է՝ Սեդրակ Քոչարյանը։ Նա ծնվել է 1981-ին։

«Ֆասթ Քարթ» ՍՊԸ-ն, որին պատկանում է «Փլեյ Սիթի» զվարճանքի կենտրոնը, հիմնադրվել է 2001-ին։ Ընկերությունը 24 տարեկանում հիմնել է Վարդուհի Որսկանյանը, որը Ռոբերտ Քոչարյանի նախագահության ժամանակ կառավարական կեցավայրի տնօրեն Արամայիս Որսկանյանի աղջիկն է։ 2004-ից ընկերության 50%-ը փոխանցվել է 23-ամյա Սեդրակ Քոչարյանին։

Սեդրակ Քոչարյանը հրաժարվել է տարկետման իրավունքից և 2005-2007 թթ. ծառայել է բանակում։ Զինվորական ծառայության ընթացքում՝ 2006-ից, նա հիմնել է ու դարձել է բաժնետեր մի շարք ընկերություններում։

2006-ին հիմնել է «Սփեյս Մենեջմենթ» ընկերությունը։ Պետական եկամուտների կոմիտեի տվյալներով՝ ընկերությունը զբաղվում է անշարժ գույքի վարձակալությամբ և այլ գործառույթներով։ 2015-ից բաժնետերեր են դարձել նաև Գայանե և Լևոն Քոչարյանները՝ յուրաքանչյուրը՝ 33.3% բաժնեմասով։

«Սփեյս Մենեջմենթ» ՍՊԸ-ն 2014-ից «Ալ Պառկո հյուրանոց» ՍՊԸ-ի սեփականատերն է, որին պատկանում է «Բեսթ Վեսթերն Կոնգրես» հյուրանոցը։ 2018-ից Քոչարյանի դուստրը՝ Գայանեն, հյուրանոցի տնօրենն է։

 

2006-ին Սեդրակ Քոչարյանը հիմնել է «Սթրիմ ֆորս» ընկերությունը, որը զբաղվում է գովազդի տարածման հետ կապված գործունեությամբ։ Նույն տարում նա դարձել է ավտոմեքենաների առևտրով զբաղվող «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի 30% բաժնետեր։ Ընկերության մյուս բաժնետերերն են Ռոբերտ Քոչարյանի մերձավոր գործարար Սամվել Մայրապետյանը (60%) և «Հայկական երկրորդ հեռուստաալիք»-ի փոխտնօրեն Լևոն Սուլթանյանը (10%)։

2007-ին Սեդրակ Քոչարյանը գործարար, ներկայում Հայաստանում Օմանի Սուլթանության պատվավոր հյուպատոս Պերճ Օհանյանի հետ համահիմնադրել է «Գրիտտի» ՍՊԸ-ն։ Վերջինս Երևանի Հյուսիսային պողոտայում «Լա Գալլերիա» լյուքսային հագուստի խանութների ցանցի սեփականատերն է։ Քոչարյանին է պատկանում ընկերության 80% բաժնեմասը։

2004-ին հիմնված «Երևան Տելեկոմ» ՓԲԸ-ի (հետագայում վերանվանվել է «Գեռտրուդ») 32%-ի բաժնետեր Սեդրակ Քոչարյանը դարձել է 2007-ին։ Ընկերությունը գրանցված է որպես հեռահաղորդակցության սարքեր ու համապատասխան ապրանքներ ներմուծող և վաճառող։ Նրա հետ բաժնետեր են եղել «Գլոբալ Սոֆթ» ՍՊԸ-ն (36%) և Երևանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանի որդին՝ Արտակ Զախարյանը (30%)։ 2024-ից ՓԲԸ-ի 100% բաժնետերը ոմն Նունե Մեհրաբյանն է։

2008-ի հունվարին, երբ Քոչարյանը դեռ զբաղեցնում էր նախագահի պաշտոնը, Սեդրակ Քոչարյանը և Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Նարեկ Սարգսյանը, հիմնել են «ԼԼ Բիմբո» ՍՊԸ-ն։ Երկու երիտասարդներն ունեն 50-50-ական բաժնեմաս։ Ընկերությունը Պետական եկամուտների կոմիտեում (ՊԵԿ) գրանցված է սեփական կամ վարձակալված անշարժ գույքի հանձնում վարձակալության գործունեություն իրականացնող։ Սակայն 2008-ի մարտին «ԼԼ Բիմբոն» դարձել է հայ-ռուսական «Աբիտ» ՍՊԸ-ի բաժնետեր։ Այս ընկերությունն Արարատի մարզի Սուրենավան գյուղում հիմնել է բիտումի գործարան: Դրա բացումը տեղի էր ունեցել 2009-ի մայիսի 15-ին, որին մասնակցել էր նաև այն ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանը։


Բիզնեսներ, որտեղ Քոչարյանի ընտանիքը բաժնետեր է դարձել նրա նախագահությունից հետո

Արամայիս Որսկանյանի մյուս դուստրը՝ Հռիփսիմե Որսկանյանը, 2001-ին 19 տարեկանում հիմնադրել է «Արթ Բիլդ» ՍՊԸ-ն։ Սեդրակ Քոչարյանը 2010-ին դարձել է ընկերության 50%-ի բաժնետեր։ Մյուս կեսը ներկայում պատկանում է Գայանե Որսկանյանին՝ Արամայիս Որսկանյանի կնոջը։ «Արթ Բիլդ»-ը գրանցվել է որպես սեփական կամ վարձակալված անշարժ գույքի վարձակալության և այլ գործառույթներ իրականացնող կազմակերպություն։ Այս ընկերությանն է պատկանում նաև Սևանի «Կապուտակ Սևան» հյուրանոցային համալիրը։

Սեդրակ Քոչարյանի կինը՝ Զարուհի Բադալյանը, ևս ներգրավված է մի քանի ընկերություններում։ 2010-ին հիմնել է «Թառգեթ Դիվելոփմենտ» ՓԲԸ-ն (2017-ից՝ «Թարգեթ գրուպ»)։ Ըստ ՊԵԿ-ի՝ ընկերությունը զբաղվում է անշարժ գույքի վարձակալությամբ։ Իրական շահառուների հայտարարագրի համաձայն՝ 2018-ից ընկերության 100% սեփականատերը Սեդրակ Քոչարյանն է։

2017-ից գործել է նաև հատապտուղների աճեցմամբ զբաղվող «Բերի Հաուս» ՓԲԸ-ն։ Այդ ժամանակ ընկերության հիմնադիրներից է եղել Զարուհի Բադալյանը։ Ըստ իրական շահառուների հայտարարագրի՝ 100% սեփականատերը ոմն Մերի Հակոբյանն է դարձել։ «Բերի Հաուս» ՓԲԸ-ն ներկայում սնանկ է ճանաչված։

Լևոն Քոչարյանի մասնակցությամբ բիզնեսները

Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդին, ներկայում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը, ծնվել է 1985-ին։

Պատգամավորի պաշտոնը ստանձնելու հայտարարագրում նշել է, որ «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերությունում 60% բաժնեմաս ունի։ Այդ բաժնեմասը ձեռք է բերել 2008-ի ապրիլին` 23 տարեկանում։ Ընկերության 40%-ն էլ պատկանում է Քոչարյանների հետ այլ բիզնեսներում ներգրավված Վահագն Խաչատրյանին (կապ չունի գործող նախագահի հետ)։

Կրտսեր Քոչարյանը նաև Ռուսաստանում գրանցված «Զեմկոմինվեստ» ՍՊԸ-ի հիմնադիր-բաժնետերերից է։ Ընկերությունը զբաղվում է սեփական կամ վարձակալված անշարժ գույքի վարձակալությամբ և կառավարմամբ։ 2007-ին Մոսկվայում գրանցված ընկերության բաժնետերի մասին տեղեկությունը լրացվել է 2014-ին, ըստ որի՝ դրա հիմնադիրը Լևոն Քոչարյանն է։ 2015-ին բաժնետեր է դարձել նաև «Օրիոն» ՓԲԸ-ն, որն էլ պատկանում է Դավիթ Գենադիի Ստեփանյանին։ Ներկայում Քոչարյանն ու «Օրիոն» ՓԲԸ-ն կիսում են ընկերության բաժնեմասերը՝ 50-50%։ 2024-ին Մոսկվայի քաղաքապետարանը դիմել է Արբիտրաժային դատարան՝ պահանջելով սնանկ ճանաչել «Զեմկոմինվեստը»։

Քոչարյանը բաժնեմասեր ունի երկու խոշոր միջազգային ընկերությունում։ Նա հայտարարագրել է 0,46% բաժնեմաս Շվեդիայում գրանցված «Մուդելայզեր ԱԲ» ընկերությունում (Moodelizer AB): Այն շվեդական տեխնոլոգիական ընկերություն է, ստեղծվել է 2012-ին և մասնագիտացած է երաժշտության ոլորտում նորարարական լուծումների մշակման մեջ։ Լևոն Քոչարյանը բաժնեմասը ձեռք է բերել 2015-ին, դրա արժեքը նշել է 100,000 եվրո։

Կրտսեր Քոչարյանը 0,7% բաժնեմաս՝ 300 000 դոլար արժեքով, ունի «Էքսզել Աութդորս» ընկերությունում (Exxel outdoors), որը գրանցված է ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում։ 1997-ին ստեղծված ընկերությունը մասնավոր ընկերություն է, որը մասնագիտացած է բացօթյա հանգստի և առևտրային նորարարական ապրանքների արտադրության մեջ։ Այն հիմնադրել է ազգությամբ հայ Հարրի Քազազյանը։ Քոչարյանը բաժնեմասը ձեռք է բերել 2016-ին։

Գայանե Քոչարյանի և ամուսնու մասնակցությամբ բիզնեսները

Ռոբերտ Քոչարյանի դուստրը՝ Գայանե Քոչարյանը, և նրա ամուսինը՝ Վիգեն Չատինյանը, ևս ներգրավված են մի շարք ընկերություններում։ Վիգեն Չատինյանը 2013-ին հիմնել է «Էյ Էն Էս Սերվիս» ՍՊԸ-ն, որն ըստ ՊԵԿ-ի՝ գործում է տեղեկատվական տեխնոլոգիաների և համակարգչային տեխնիկայի ոլորտում։ Նույն տարվա դեկտեմբերին ընկերության սեփականատեր է դարձել Գայանե Քոչարյանը, սակայն 2015-ին բաժնետոմսերը վերադարձրել է ամուսնուն։

2018-ին Գայանե Քոչարյանը ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Հարություն Փամբուկյանի որդու՝ Էդգար Փամբուկյանի հետ հիմնել է «Ֆորմ Փրոջեքթ» ՍՊԸ-ն՝ 50% մասնակցությամբ։ Ընկերությունը զբաղվում է ռեստորանային ծառայություններով։ 2021-ին Քոչարյանը դուրս է եկել ընկերությունից։

Վիգեն Չատինյանը 2018-ից մի քանի ամիս եղել է տոմսերի ամրագրմամբ զբաղվող «ԹԻՔԵԹՍ ԱՄ» ՍՊԸ-ի 100%-ի սեփականատերը։ Ներկայում նրան է պատկանում նաև 2022-ին հիմնված «Բոլտ Թրեյդ» ՍՊԸ-ն, որը զբաղվում է ձեռնարկատիրական և կառավարման այլ հարցերով խորհրդատվական գործերով։

Լուծարված կամ գործունեությունը դադարեցրած ընկերությունները

Քոչարյանի ընտանիքը բաժնեմաս է ունեցել նաև մի շարք ընկերություններում, որոնք ներկայում լուծարված են կամ գործունեությունը դադարեցված է։

Լուծարված կազմակերպությունների ցանկում է 2004-ին հիմնված «Սաննի» ՍՊԸ-ն, որի կանոնադրության մեջ Սեդրակ Քոչարյանը նշվում է որպես 50%-ի բաժնետեր։ Գործունեությունը ժամանակավոր դադարեցրել է 2005-ին հիմնված «Էյ Դի Սքրին» (նախկին անվանումը՝ «Պիրմա մեդիա») գովազդային գործակալությունը, որի 50%-ը 2006-ից պատկանել է Սեդրակ Քոչարյանին։

Ներկայում չի գործում 2010-ին հիմնված «Տրանսպորտի զարգացման կոնսորցիում» ՓԲԸ-ն, որում բաժնեմաս են ունեցել Լևոն Քոչարյանը, Վահագն Խաչատրյանը ու նախկին վարչապետ Հովիկի Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը։

Ժամանակավոր դադարեցված կազմակերպություններից է 2018-ին հիմնված գովազդի տարածմամբ զբաղվող «Տրենդմեդիա» ՍՊԸ-ն, որի 100%-ը պատկանել է Վիգեն Չատինյանին։ Մանրածախ առևտրով զբաղվող «Ամեռ» ՓԲԸ-ի գործունեությունը ներկայում ևս դադարեցված է։ Իրական շահառուների հայտարարագրում, սակայն, ընկերության 100%-ը 2017-ից պատկանել է Գայանե Քոչարյանին։

2023-ից Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Ռոբերտ Քոչարյանի և նրա հետ փոխկապակցված անձանց ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ Գլխավոր դատախազության հայցը: Դատական այս գործով վճիռ դեռ չի կայացվել: 2025-ի մայիսի տվյալներով՝ դատախազությունը Քոչարյանի ընտանիքից պահանջում է բռնագանձել 22 անշարժ գույք, 15 իրավաբանական անձում մասնակցություն և այլն: Հատկանշական է, որ բռնագանձման ենթակա գույքերի թիվն այս ընթացքում պարբերաբար փոխվել է:

Այսպիսով, ինչպես նախագահության, այնպես էլ դրան հաջորդող տարիներին Քոչարյանի ընտանիքի անդամները զբաղվել են բիզնեսով։ Պետական ռեգիստրի տվյալները փաստում են, որ Քոչարյանների ընտանիքի բիզնեսների զգալի մասը հիմնվել է հենց նրա նախագահության տարիներին։