Փոխանակ դատվեն՝ պաշտոն են ստանում


Փոխանակ դատվեն՝ պաշտոն են ստանում
Հոկտեմբեր 6 23:49 2025

Վաղարշապատում՝ հակասական նշանակումներ. Մհեր Մկրտչյանը կրկին տեղակալի պաշտոնում

 

Վաղարշապատ համայնքում հասարակական քննարկումների և դժգոհությունների թեմա է դարձել համայնքի ղեկավարի վերջին կադրային որոշումը։ Համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արգիշտի Մեխակյանի կողմից նախկին համայնքապետ Դիանա Գասպարյանի տեղակալ Մհեր Մկրտչյանը նախ նշանակվել էր խորհրդականի պաշտոնում, սակայն ընդամենը մի քանի օր անց վերանշանակվել արդեն որպես ղեկավարի տեղակալ։ Մկրտչյանը տարիներ շարունակ զբաղեցրել է տարբեր պաշտոններ․ նա աշխատել է ՀՀ Կադաստրի կոմիտեում, իսկ ավելի ուշ՝ Վաղարշապատի համայնքապետի տեղակալ՝ քաղաքաշինության ոլորտի վերահսկող։ Հասարակական շրջանակներում այդ տարիներին նրա գործունեության վերաբերյալ հաճախ շրջանառվել են կոռուպցիոն և ոչ թափանցիկ գործընթացների մասին խոսակցություններ։ Թեև դրանք երբևէ իրավական ընթացք չեն ստացել, սակայն դարձել են հանրային քննարկումների հիմնական թեմաներից մեկը։ Լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ Արգիշտի Մեխակյանը, մինչև Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակվելը, նեղ շրջապատում բազմիցս հայտարարել է, որ համայնքապետարանը պետք է մաքրի հենց Մհեր Մկրտչյանից և քաղաքաշինության բաժնից։ Այս ֆոնին վերջինիս վերանշանակումը ոչ միայն անակնկալ է դիտարկվում, այլ նաև հակասական՝ հատկապես առաջիկա ընտրություններից առաջ։ Ավելին, օրերս Արամ Մանուկյան թաղամասում կայացած հանդիպման ժամանակ, երբ Մկրտչյանը ներկայացել էր համայնքի ղեկավարի հետ, մի խումբ բնակիչներ բացահայտ դժգոհություն են արտահայտել նրա ներկայությունից։ Ականատեսների փոխանցմամբ՝ բողոքի ձայները վերածվել են սուր վեճի և քաշքշուկի, որը հանգուցալուծվել է միայն Մեխակյանի անձնական միջամտությամբ։ Բնակիչների դժգոհությունը, ըստ նրանց, պայմանավորված է տարիներ շարունակ կուտակված դժգոհություններով ու կոռուպցիոն մեղադրանքների հիշատակմամբ։ Թեպետ Մկրտչյանը հակադարձել է, որ եթե մեղավոր է, պատրաստ է հրաժարական տալ, սակայն քաղաքացիները հակադարձել են, որ խնդիրը միայն հրաժարականի մեջ չէ, այլ նաև՝ օրենքի առաջ հնարավոր պատասխանատվության։ Այս նշանակումը, ըստ քաղաքական մեկնաբանների, կարող է լուրջ ազդեցություն ունենալ Վաղարշապատի ընտրական մթնոլորտի վրա՝ դարձնելով կադրային քաղաքականությունը հանրային քննարկումների գլխավոր թեմաներից մեկը։ Ուշագրավ է նաև, որ քաղաքաշինության բաժնի գործող պետը, ըստ տարածված տեղեկությունների, բարձրագույն կրթություն չունի, ինչը հակասում է պաշտոնի համար օրենքով սահմանված պահանջներին։