Քոչարյանը ոչ թե ընդդիմություն է Փաշինյանին, այլ պատմական ալիբի, որով Փաշինյանն արդարանում է անգամ ամենակործան քաղաքական սխալների մեջ


Քոչարյանը ոչ թե ընդդիմություն է Փաշինյանին, այլ պատմական ալիբի, որով Փաշինյանն արդարանում է անգամ ամենակործան քաղաքական սխալների մեջ
Հոկտեմբեր 6 22:22 2025

Ռոբերտ Քոչարյանը Հայաստանի քաղաքական կյանքի ամենաքայքայող ֆիգուրներից մեկն է։ Նրա վերադարձը քաղաքականություն ոչ թե անհրաժեշտություն էր , այլ հանրային հիշողության դեմ կատարված ցինիկ վիրավորանք։ Նա Փաշինյանի ձեռամբ քաղաքականապես վերակենդանացվեց ու դարձավ նույն Նիկոլ Փաշինյանին ամենաազդեցիկ լեգիտիմացնող գործիքը։

Քոչարյանի հայտնությունը քաղաքական դաշտում սառեցրեց հասարակության արդար զայրույթը գործող իշխանության նկատմամբ։

Մարտի 1-ի ու կոռուպցիայի ստվերը՝ Քոչարյանի մնայուն «բուրմունքն» է: Հակառակ դրան Քոչարյանը ավելորդ ինքնավստահությամբ մասնակցեց 2021 թվականի արտահերթ ընտրություններին, խոստանալով ոչ միայն «կռել», այլև՝ մինչև «քոք մաշեցնել»: Անցնող տարիներն իհարկե ցույց տվեցին բոլորովին հակառակը: Ընթերցողին բավարար է միայն նայել 2021 թվականի «Հայաստան» դաշինքի կազմն ու համեմատել ներկայինիս հետ: ՝

Քոչարյանը երբեք չդարձավ համակարգային այլընտրանք։ Նրա թիմը մեծամասամբ  կազմված էր հին համակարգի դեքերից՝ մերժված ու մոռացված ֆիգուրներից։ Արդյունքում՝ անցնող տարիների ընթացքում Քոչարյանի շուրջը հավաքված ուժը ինքն իրեն ոչնչացրեց, բայց հրաշքով փրկեց Փաշինյանին կործանումից։ Քոչարյանը ոչ թե ընդդիմություն է Փաշինյանին, այլ պատմական ալիբի, որով Փաշինյանն արդարանում է անգամ ամենակործան քաղաքական սխալների մեջ։

Հաջորդ տարի կայանալիք ընտրություններն այս առումով խիստ կարևոր են, ոչ միայն քաղաքական դաշտի մեկընդմիշտ մաքրության, այլև՝ Հայաստան պետությունը պահպանելու:

Ի դեպ վաղը Ռոբերտ Քոչարյանը ասուլիս կտա: Armday.am-ը հրավիրված ԶԼՄ-ների ցանկում չկա: Բարի ժամանց ենք մաղթում նրան՝ մեծամասամբ յուրային լրատվամիջոցների հետ: