Չիկունգունյա տենդով վարակվել է ավելի քան 445 հազար մարդ


Չիկունգունյա տենդով վարակվել է ավելի քան 445 հազար մարդ
Հոկտեմբեր 6 19:42 2025

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ 2025 թվականին աշխարհում ավելի քան 445 հազար մարդ վարակվել է մոծակների միջոցով փոխանցվող չիկունգունյա տենդով։ Վարակվածներից 155-ը մահացել է։

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, 2025 թվականին ԱՀԿ-ն գրանցել է չիկունգունյա տենդի նոր ալիք մի քանի երկրում, այդ թվում՝ այն երկրներում, որտեղ վերջին տարիներին դեպքերի զգալի թիվ չի գրանցվել: Հաշվի առնելով շարունակվող բռնկումները՝ կազմակերպությունը շեշտել է, որ վիրուսի հետագա տարածման հավանականություն դեռ կա։

 

«2025 թվականի հունվարի 1-ից մինչև սեպտեմբերի 30-ը աշխարհի 40 երկրում գրանցվել է, ընդհանուր առմամբ, 445 հազար 271 կասկածելի և հաստատված դեպք, ինչպես նաև 155 մահվան դեպք», – հաղորդել է ԱՀԿ-ն։

 

Վիրուսը փոխանցող Aedes aegypti մոծակի պոպուլյացիաները հանդիպում են աշխարհի 27 շրջանում:

 

Չիկունգունյա տենդի բնական տարածման շրջաններ են համարվում Աֆրիկայի, Հնդկաստանի, Հարավարևելյան Ասիայի արևադարձային շրջանները և Հնդկական օվկիանոսի կղզիները, որտեղ ամեն տարի գրանցվում են վարակի սեզոնային բռնկումներ, ինչպես նաև Մեքսիկան և Գվատեմալան։