Արևմուտքի գլոբալիստական թևի թուլացումը կնվազեցնի Փաշինյանի իշխանության արտաքին հենարանը՝ զրկելով նրան նեոլիբերալ կենտրոնների անվերապահ քաղաքական աջակցությունից․ Սուրենյանց


Արևմուտքի գլոբալիստական թևի թուլացումը կնվազեցնի Փաշինյանի իշխանության արտաքին հենարանը՝ զրկելով նրան նեոլիբերալ կենտրոնների անվերապահ քաղաքական աջակցությունից․ Սուրենյանց
Հոկտեմբեր 6 09:39 2025

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հոկտեմբերի 4-ին հայտարարել է, որ ԵՄ դեսպանն անձամբ պատասխանատվություն է կրում Թբիլիսիում տեղի ունեցած անկարգությունների համար․ ըստ նրա՝ եվրոպացի պաշտոնյաները աջակցել են երկրում անկարգություններ հրահրելու փորձերին։ Այս մասին գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։

 

«Խոսքը վերաբերում է այն դեպքերին, երբ Վրաստանի ընդդիմությունը, դժգոհ լինելով ՏԻՄ ընտրությունների արդյունքներից, փորձել էր կազմակերպել զանգվածային բողոքի գործողություններ և փողոցային ճնշում գործադրել իշխանության վրա։ Այդ փորձերը, սակայն, ձախողվել են․ կառավարող «Վրացական երազանք» կուսակցությունը կարողացել է պահպանել իր դիրքերը, իսկ հեղափոխական սցենարը չի իրականացել։

 

Նույն օրը Չեխիայում խորհրդարանական ընտրություններում առաջատար դարձավ նախկին վարչապետ, եվրոսկեպտիկ- պոպուլիստ Անդրեյ Բաբիշի ANO կուսակցությունը։ Այս երկու իրադարձությունները միասին վկայում են, որ ԵՄ ներսում և նրա հարևանությամբ հասարակական տրամադրություններն էապես փոխվում են։ Գլոբալիստական գաղափարախոսության դեմ ձևավորվում է նոր ալիք՝ ազգային ինքնիշխանության, ինքնուրույն որոշումների և պահպանողական քաղաքականության օգտին։

 

Հայաստանի վրա այս գործընթացը կարող է ունենալ երկակի ազդեցություն․

 

Մի կողմից, Արևմուտքի գլոբալիստական թևի թուլացումը կնվազեցնի Փաշինյանի իշխանության արտաքին հենարանը՝ զրկելով նրան նեոլիբերալ կենտրոնների անվերապահ քաղաքական աջակցությունից։

 

Մյուս կողմից, Եվրոպայում աճող ավտորիտար և ազգայնական միտումները կարող են դառնալ Փաշինյանի համար «օրինակ»՝ ներքին քաղաքական վերահսկողությունը սեղմելու և ընդդիմությանը ճնշելու առումով»,-գրել է Սուրենյանցը։