Փարաքարի համայնքապետարանը հրապարակել է օրեր առաջ սպանված Վալոդյա Գրիգորյանի ուղերձը՝ համայնքի տոնի կապակցությամբ.
«Փարաքար համայնքի սիրելի՛ բնակիչներ,
Այսօր նշում ենք մեր համայնքի 2213-րդ տարեդարձը։ Սա ոչ միայն տոն է, այլև առիթ վերաիմաստավորելու մեր նվիրումն ու պատասխանատվությունը համայնքի հանդեպ։
Փարաքարն ունի բնակիչներ, ովքեր ամենօրյա աշխատանքով, նվիրումով ու սրտացավությամբ նպաստում են համայնքի կայուն զարգացմանն ու բարեկեցությանը։
Շնորհակալ եմ նրանց, ովքեր ներդրում ունեն համայնքի զարգացման գործում՝ ավագ սերնդից մինչև երիտասարդ ու պատանի բնակիչներ։ Յուրաքանչյուրդ ձեր գործունեությամբ ճանաչելի, մրցունակ ու գրավիչ եք դարձնում մեր համայնքը։
Բացառիկ նվիրումով ու պատասխանատվությամբ շարունակելու ենք ծառայել ձեզ՝ առաջնորդվելով համայնքին և բնակչին ծառայելու մեր գլխավոր առաքելությամբ։
Ուզում եմ վստահեցնել, որ համայնքի յուրաքանչյուր բնակչի խնդիր մեր հոգածության ներքո է, բարձրաձայնված ցանկացած հարց՝ մեր ուշադրության կենտրոնում։ Հանձնառու ենք կյանքի կոչելու նախընտրական ծրագրով ստանձնած բոլոր խոստումները։
Փարաքարն ապրում, զարգանում և վստահորեն առաջ է շարժվում բոլորիս միասնությամբ ու համառ ջանքերով։ Միասին մենք կկերտենք մեր համայնքի արժանապատիվ ապագան։
Ջերմորեն շնորհավորում եմ Փարաքար համայնքի օրվա առթիվ։ Թող խաղաղությունը, բարեկեցությունը և բարին մշտապես ուղեկցեն մեր հայրենիքին ու համայնքին»։