Իշխանությունը փաստացի սկսել է ավտորիտարիզմի հաստատման գործընթացը. «Դեմոկրատական այլընտրանք»


Իշխանությունը փաստացի սկսել է ավտորիտարիզմի հաստատման գործընթացը. «Դեմոկրատական այլընտրանք»
Հոկտեմբեր 4 11:58 2025

 

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության Քաղաքական խորհուրդը հայտարարություն է տարածել՝ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի ապօրինի դատապարտման կապակցությամբ.

 

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը խորը մտահոգությամբ արձանագրում է, որ Հայաստանի Հանրապետությունում բարձրաստիճան հոգևորականը դատապարտվել է երկու տարվա ազատազրկման՝ կարծիք հայտնելու համար։

 

Սա ոչ թե իրավական, այլ՝ քաղաքական որոշում է, որը հարված է հասցնում խոսքի ազատությանը, խղճի ազատությանը և իրավական պետության հիմքերին։

 

Այն վկայում է, որ իշխանությունը փաստացի սկսել է ավտորիտարիզմի հաստատման գործընթաց՝ փորձելով լռեցնել բոլոր այլախոհ ձայները։

 

Այս դատավճռով Հայաստանը մտնում է ավտորիտարիզմի հաստատման հերթական փուլ։

 

Դատական համակարգը վերջնականապես վերածվում է իշխանության կամքը սպասարկող մեխանիզմի՝ կորցնելով իր անկախությունը և դառնալով քաղաքական հաշվեհարդարի գործիք։

 

Պետությունը շեղվում է ժողովրդավարական և իրավական զարգացման ուղուց՝ կառավարման համակարգը կառուցելով վախի, հնազանդության և լռության վրա։

 

Հայաստանում այլախոհությունը այլևս չի ընկալվում որպես ժողովրդավարության բնական տարր, այլ դիտվում է որպես իշխանության համար վտանգավոր երևույթ՝ արժանի պատժի։

 

Սա դատական սխալ չէ, այլ՝ համակարգային գործընթաց, որի նպատակը հասարակության վերահսկումն է և իշխանության ինքնապահպանությունը՝ օրենքի, ազատության և մարդու արժանապատվության հաշվին։

 

Այս դատավճիռը ուղղված է ոչ միայն մեկ հոգևորականի, այլ՝ Հայ Առաքելական Եկեղեցու և նրա հասարակական առաքելության դեմ։

 

Այն տեղավորվում է վերջին տարիներին հետևողականորեն վարվող հակաեկեղեցական և հակազգային քաղաքականության տրամաբանության մեջ, որի նպատակն է թուլացնել Եկեղեցու հեղինակությունն ու սահմանափակել նրա ազդեցությունը հասարակական կյանքի վրա։

 

«Դեմոկրատական այլընտրանքը» համոզված է, որ.

 

● Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի դեմ հարուցված գործը իրավական հիմք չունի և ունի բացահայտ քաղաքական բնույթ,

● Դատական համակարգը կորցրել է իր անկախությունը և ծառայում է իշխանական վերահսկողությանը,

● Դատավճիռը խորացնում է հասարակության բևեռացումն ու քայքայում ազգային համերաշխությունը։

Այս ամենը լրջագույն հարված է հասցնում Հայաստանի միջազգային հեղինակությանը և կասկածի տակ է դնում

մեր երկրի՝ ժողովրդավարական արժեքներին հավատարմության մասին բոլոր հայտարարությունները։

«Դեմոկրատական այլընտրանքը» հայտարարում է․

● Միքայել Աջապահյանի գործը միայն մեկ հոգևորականի դատավարություն չէ։

Այն դարձավ ազատության, արժանապատվության և ինքնության փորձաքարը։

 

Այս դատավճռով դատվում է ոչ թե մարդը, այլ՝ ազատ խոսքն ու ազատ մտածողությունը։

 

Մենք պահանջում ենք՝

 

1️⃣ Անմիջապես չեղարկել դատավճիռը և ազատ արձակել ոչ միայն Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին, այլ նաև՝ Բագրատ Սրբազանին, Սամվել Կարապետյանին, մյուս քաղբանտարկյալներին:

2️⃣ Վերականգնել դատական իշխանության անկախությունը և ապահովել արդար դատաքննության իրավունքը,

3️⃣ Դադարեցնել Եկեղեցու, հոգևորականների և այլախոհ քաղաքացիների նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումները:

 

Մենք զգուշացնում ենք՝

 

այս դատավճիռը վտանգավոր նախերգանք է առաջիկա 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների համար։

Երկիր, որտեղ մարդը կարող է բանտարկվել իր համոզմունքների համար,

չի կարող ունենալ ազատ, արդար և մրցակցային ընտրություններ։

 

«Դեմոկրատական այլընտրանքը» կոչ է անում Հայաստանի քաղաքական ուժերին, քաղաքացիական հասարակությանը և միջազգային գործընկերներին՝ չլռել։

 

Այսօր խոսքը ոչ միայն Միքայել Աջապահյանի, այլ՝ Հայաստանի՝ որպես ժողովրդավարական և ինքնիշխան պետության ապագայի մասին է։

 

Մենք պաշտպանում ենք ոչ Հայաստանի ազատությունը և քաղաքացու արժանապատվությունը։

 

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության Քաղաքական խորհուրդ

 

Երևան, 2025 թ. հոկտեմբերի 4