ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը անդրադարձել է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ դատավարությանը։
Հիշեցնենք՝ Միքայել Սրբազանին դատարանը դատապարտեց 2 տարի ժամկետով կալանքի։ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել «իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով»։ Նա կալանավորվել է հունիսի 28-ին։
Թաթոյանը գրել է․ «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Գերշ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին 2 տարով ազատազրկելու վերաբերյալ դատավճիռը քաղաքական հրահանգով ակնհայտ խտրական քրեական հետապնդման ու ՔՊ իշխանության քաղաքական հաշվարկների հետեւանք է:
Սա Հայոց Եկեղեցու դեմ իշխանության քաղաքական արշավի բացահայտ դրսևորում է, որով ոտնահարվեց Միքայել Սրբազանի խոսքի և կրոնի սահմանադրական ազատությունը, դրսևորվեց անթաքույց խտրականություն։
Այս ամենն իշխանությանն անհրաժեշտ էր Եկեղեցին հեղինակազրկելու ու այդ ճանապարհին Եկեղեցու դեմ Կառավարության ղեկավարի նախաձեռնած քաղաքական արշավի արհեստական հիմքեր ստեղծելու համար»։