Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը անդրադարձել է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ դատավարությանը։
Հիշեցնենք՝ Միքայել Սրբազանին դատարանը դատապարտեց 2 տարի ժամկետով կալանքի։ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել «իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով»։ Նա կալանավորվել է հունիսի 28-ին։
Հակոբյանը գրել է․ «Նիկոլը մարսեց պետության դեմ ամենամեծ հանցագործությունը՝ հանձնեց Արցախը թշնամուն։ Շարունակում է մարսել նաև մյուսը՝ Հայոց Եկեղեցու դեմ պատերազմը, որի առաջին բացահայտ զոհը դարձավ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։
Այս հանցագործը քայլ առ քայլ ոչնչացնում է այն ամենը, ինչից կազմված է հայ ժողովուրդը․ հայրենիք, հավատք, արժանապատվություն։
Եթե հայոց պատմության ամենաարյունալի դավաճանությունն էլ չդարձավ ժողովրդական ալիքի պատճառ, ի՞նչ պետք է անի այս հանցագործը, որ ժողովուրդը վերջապես հեռացնի սրանց։
Բոլորիս առջև մնացել է մեկ ճշմարտություն․ եթե սպասենք որևէ ընթացակարգի, ապա նիկոլը կհասցնի ոչնչացնել նաև այն վերջին ավերակները, որոնք դեռ մնացել են պետությունից։
Այս ապազգային իշխանություններին չի կարելի սահմանադրական «շրջանցում» կատարելու հնարավորություն թողնել։
Եկեղեցու դեմ պատերազմը նույնքան սրբապղծություն է, որքան Արցախը հանձնելը։
Իշխանությունները, որոնք սպանել են Արցախն ու հարձակվել են Եկեղեցու վրա, չպիտի շնչեն իշխանության օդը։ Ժողովուրդը պարտավոր է որոշել՝ ովքեր պիտի պահեն իր Հայրենիքը…»։