Դադարեցրեք փոխանցումները. Սոֆյա Հովսեփյանին օգնեցին հավաքել «զինվորի դիակների վրա փող աշխատող» բառերից վիրավորված Արսեն Թորոսյանին փոխհատուցվելիք գումարը


Դադարեցրեք փոխանցումները. Սոֆյա Հովսեփյանին օգնեցին հավաքել «զինվորի դիակների վրա փող աշխատող» բառերից վիրավորված Արսեն Թորոսյանին փոխհատուցվելիք գումարը
Հոկտեմբեր 3 17:29 2025

ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի դատարանի որոշմամբ պետք է փոխհատուցում վճարի առողջապահության նախկին նախարար, այսօր արդեն աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանին։ Նա գումարը հավաքելուն աջակցելու ու խնդրի մասին գրառումը տարածելու խնդրանքով դիմել էր ֆեյսբուքյան ընկերներին։

«Մինչև ես դասերի մեջ էի սահմանված գումարի չափը անցել է։ Հավաքվել է 251035 դրամ։ Խնդրում եմ դադարեցնեք փոխանցումները»,-քիչ առաջ գրել է Սոֆյա Հովսեփյանը։

Հիշեցնենք, որ 2023թ.  ֆեյսբուքյան հարթակում Հովսեփյանի կատարած գրառման հիմքով Արսեն Թորոսյանը դիմել էր դատարան և պահանջել մեծ գումարներ` պատվի և արժանպատվության, վնասի փոխհատուցման հիմքով:

«Հարց, արդյոք անաչա՞ռ էր դատավորը, թե՞ ոչ։ Կպատասխանեմ միայն, որ ես իրեն ներում եմ: Գործիք լինելն առավել մեծ պատիժ է, քան գումար փոխհատուցելը: Հիմա գամ այնտեղ, թե էս արսեն թորոսյանը ինչից է վիրավորվել... Ես նրան անվանել եմ «զինվորի դիակ անարգող սրբապիղծ և զինվորի դիակների վրա գումար աշխատող»: Հիմա հիմնավորեմ: 2020թ. նոյեմբերը բոլորս ենք հիշում և այն, թե էս ոհմակն ինչպես վարվեց արդեն զոհված տղաների մարմինների հետ, բայց որպեսզի հասկանաք, ես կտեղադրեմ հղումներ, որոնք առաջարկում եմ անպայման դիտել, թեև դաժան է և սարսափազդու, և ասեք` արդյո՞ք ինքը սրբապիղծ չէ:

https://www.pastinfo.am/hy/news/2021/01/08/fu0iq07c4/1126096

https://www.aravot.am/2021/06/01/1194843/

https://www.facebook.com/GorisToday/posts/4995414780531792/

https://www.facebook.com/share/16x5xBQBbm/?mibextid=wwXIfr

https://youtu.be/g-yPBvUE2sY

Բայց սա ամբողջը չէ։

Այս ամենի ֆոնին այդ ժամանակվա ԱՆ նախարար արսեն թորոսյանը, իբր, արագ ԴՆԹ նույնականացում անելու պատրվակով պետբյուջեից ծախսում է հսկայական գումար, որի նպատակն էր առավել արագ ու արդյունավետ ԴՆԹ նույնականցում իրականացնելը, և գնում են ԴՆԹ սեկվենատոր սարք, այն դեպքում, երբ երկրում արդեն առկա էին մի քանիսը, սակայն օգտագործվում էր ընդամենը մեկը և ոչ լիարժեք ծանրաբեռնվածությամբ: Պատճառն այն էր, որ նմուշների պատրաստումն անում էին ձեռքով, որը շատ ավելի դանդաղ էր ու բերում էր մասնագետների ժամանակի մեծ կորստի: Այնինչ, կարող էին ձեռք բերել բավական մատչելի նմուշների պատրաստման ավտոմատ սարքավորում, որը թույլ կտար էապես արագացնել դիակների նույնականացումը: Փոխարենը թորոսյանը որոշում է կոռուպցիոն ռիսկեր պարունակող սխեմաներով գնել բազմիցս թանկ սարք, որը չէր կարող արագացնել նույնականացման գործընթացը: Արդյունքում մեր զոհվածների մարմինները ամիսներով մնացել էին կուտակված սառնարաններում, իսկ ծնողները՝ ամիսներով անորոշ սպասման մեջ:

Ես այն ժամանակ` որպես ԱԺ պատգամավոր, երկու անգամ հարցում եմ ուղարկել ԱՆ` պարզելու գնման նպատակը, արժեքը, արդյունավետությունը և մի շարք այլ հարցեր, սակայն երկու հարցումներն էլ` անարդյունք. ինձ տվել են փաստաթղթեր, որոնցում թաքցված են եղել բոլոր կարևոր բաղադրիչները: Հարցով դիմել եմ արդեն փոխված ԱՆ նախարարի (հղումը տեղադրված է), որը շարունակել է էն նույն լոլոն, որը սկսել էր նախկինը (ցանկացողներին կարող եմ տրամադրել նաև գրավոր հարցումներս և ստացած պատասխանները): ԱՆ հարցումներ է ուղարկել նաև ԱԺ պատգամավոր Սարգիս Ալեքսանյանը (տես` եզրակացությունը ):

Ելնելով այս և այլ հարցերից, որոնց մի մասը հայտնի է նաև ձեզ, ֆբ գրառումս ամփոփել եմ հետևյալ խոսքերով «զինվորի դիակների վրա փող աշխատող»»,-մանրամասնել է Հովսեփյանը։