Բոլորի մոտ հարց է առաջանում՝ էդ ոնց Գարուշը դուրս եկավ, մնացած տղաները դուրս չեկան. Ազատի զինվորական կացարանի հրդեհի գործ


Բոլորի մոտ հարց է առաջանում՝ էդ ոնց Գարուշը դուրս եկավ, մնացած տղաները դուրս չեկան. Ազատի զինվորական կացարանի հրդեհի գործ
Հոկտեմբեր 3 15:29 2025

Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների գործով դատական հերթական նիստը։

Տուժողների շահերի ներկայացուցիչ Նորայր Նորիկյանը դիմելով վկաներից մեկին՝ սպա-հոգեբան Վահագն Ներսիսյանին, նշեց, որ իր ամեն մի խոսքը զոհված զինծառայողների հարազատների համար կարող է ունենալ ճակատագրական նշանակություն։

«Հիմա դուք արել եք հայտարարություն...  Այս գործում սա որերորդ դեպքն է, սկսած արտակարգ իրավիճակների նախարարության գնդապետից, վերջացրած Ներսիսյանով, ծնողների հետ ունեցած շփումներում արել են անպատասխանտու հայտարարություններ, որի հետևանքով այս գործի նկատմամբ այս անվստահությունը, ճգնաժամն է։

Տեսեք, այս գործի առանցքը հենց Գարուշի դուրս գալու մեջ է, շան գլուխն այդտեղ է թաքնված։ Բոլորի մոտ հարց է առաջանում՝ էդ ոնց եղավ Գարուշը դուրս եկավ, մնացած տղաները դուրս չեկան։ Դուք մարդկանց ասել եք մի բան, այսօր ասում եք՝ իմ կարծիքն է եղել։ Ձեր կարծիքը պետք է մնա ձեր մեջ։ Ինչո՞ւ պետք է հավատամ ձեր՝ դատարանում արված հայտարարությանը, ոչ թե ծնողների հետ հանդիպման ժամանակ ասած ձեր խոսքին։ Ինչո՞ւ»։

Վկա, սպա-հոգեբան Վահագն Ներսիսյանն ասաց, որ որևէ մեկն իր վրա ճնշում չի գործադրել, մասնավորապես Գարուշի, Ժիրայի հետ, հանդիպելու որևէ նախաձեռնություն չի եղել։

«Ես անձանապես ապրել եմ այդ ողբերգությունը, ուզում եմ իմանալ, ինչի հետ գործ ունենք»,- ասաց վկա Ներսիսյանը։

Հիշեցնենք, որ 2023-ին հունվարի 19-ին, ժամը 01:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում  տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել էր 15 ժամկետային զինծառայող, 7 զինծառայող տեղափոխվել էր հոսպիտալ: