Հայաստանի Հանրապետությունն է որոշում իր սուվերեն տարածքում գտնվող տեղանունները. Արթուր Հովհաննիսյան


Հայաստանի Հանրապետությունն է որոշում իր սուվերեն տարածքում գտնվող տեղանունները. Արթուր Հովհաննիսյան
Հոկտեմբեր 3 14:16 2025

Հայաստանի Հանրապետությունն է որոշում իր սուվերեն տարածքում գտնվող տեղանունները, ինչպես և Ադրբեջանն է որոշում, թե ինչ անուններ տա իր սուվերեն տարածքում գտնվող քաղաքներին, գյուղերին և ճանապարհներին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին խորհրդարանական ճեպազրույցի ընթացքում նշեց Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից հնչեցված, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք» եզրույթին։

«Կան պաշտոնական ստորագրված փաստաթղթեր, որտեղ կան նշված հստակ անուններ, պայմանավորվածություններ, մենք ելնում ենք պաշտոնական փաստաթղթերից և պայմանավորվածություններից, մնացած բոլոր խոսույթները չեն կարող լեգիտիմ լինել, եթե վերաբերելի են ՀՀ սուվերեն որևէ տարածքի»,- ասաց Հովհաննիսյանը։

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանն ընդգծեց՝ հոկտեմբերի 2-ին՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումից հետո, երկրների ղեկավարների մամուլի ծառայությունները հրապարակել են նույնական մամուլի հաղորդագրություններ, որտեղ նշված է, որ կողմերն անդրադարձել են նաև TRIPP «Թրամփի ուղի» ենթակառուցվածքային ծրագրին։