Շատ շնորհակալություն ՔՊ-ի ներկայացրած փաստաթուղթը հավի հետ համեմատելու համար, որովհետև հավին են բմբլում․ ԱԺ հայտարարությունների ժամին ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ ի պատասխան լրագրողի հարցին՝ եթե առարկություններ ունեին խաղաղության փաստաթղթի տեքստի հետ, ինչո՞ւ չմասնակցեցին քննարկմանը և իրենց առարկություններով «չբմբլեցին» այն։
«Բմբլում են հավին, սագին, բադին... միգուցե դրա համար էլ իմաստ չունի դրան անդրադառնալ»,-ասաց Խաչատրյանը։
Նա նշեց, որ իրենք հայտարարություն են տարածել, ինչը բավարար է։
«Այն, ինչ ներկայացված է՝ խաղաղության հետ բացարձակապես առնչություն չունի։ Փաշինյանն ասում է՝ ժողովուրդն ընտրել է ինձ, հետևաբար, իմ դեմ խոսելը նշանակում է խոսել ժողովրդի դեմ։ Հիմա էլ ասում է՝ այս թղթի դեմ խոսելը նշանակում է խոսել խաղաղության դեմ։ Ո՛չ, մենք խաղաղության կողմնակից ենք և դրա համար էլ դեմ ենք այս փաստաթղթին, որովհետև մեզ չի մոտեցնում խաղաղությանը»։