Պետք է մտածենք, թե ինչ կարող ենք անել, որ Հայաստանում արդյունավետ պղնձաձուլարան ունենալու պայմանավորվածությունը իրականություն դառնա. Նիկոլ Փաշինյան


Պետք է մտածենք, թե ինչ կարող ենք անել, որ Հայաստանում արդյունավետ պղնձաձուլարան ունենալու պայմանավորվածությունը իրականություն դառնա. Նիկոլ Փաշինյան
Հոկտեմբեր 3 12:55 2025

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռազմավարական խնդիր է համարում, որ Հայաստանը մեծամասամբ հանքանյութ արտահանող երկրից վերածվի վերջնական արտադրանք թողարկող երկրի։

«Իրականում, մեզ համար մեծ խնդիր է, որ մենք ստիպված ենք հիմնականում հանքանյութ արտահանել։ Մեզ հարկավոր է ոլորտը զարգացնել այն ուղղությամբ, որ մենք հանքանյութի մշակման շղթան հնարավորինս երկարացնենք  ու դա հնարավորինս բերենք վերջնական արտադրանքի, որովհետև դա նշանակելու է լրացուցիչ աշխատատեղեր, լրացուցիչ եկամուտներ պետական բյուջեի համար, լրացուցիչ բարձր որակավորում ունեցող մասնագետների կարիք, լրացուցիչ ներդրումներ տնտեսության, կրթության ոլորտներում, բարեկեցության նոր աստիճան»,- Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումի ժամանակ հայտարարեց Փաշինյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը և տարածաշրջանի տրանսպորտային ենթակառուցվածքների սպասվող բացումը, որն առաջիկայում անպայման տեղի կունենա, Հայաստանի նոր հնարավորություններ է բացելու այս ոլորտում։

«Այո՛, պղնձի հանքաքարի արտահանումը մեր տնտեսության համար շատ էական նշանակություն ունի, բայց մենք, ի վերջո, պետք է մտածենք, թե ինչ կարող ենք անել, որ Հայաստանում արդյունավետ պղնձաձուլարան ունենալու պայմանավորվածությունը իրականություն դառնա։ Բայց նույնիսկ սա շղթայի ավարտը չէ, որովհետև եթե մենք արդեն ձուլակտորներ կամ մետաղ ենք ստանում, պետք է մտածել այդ շղթայի հետագա երկարացման համար, որպեսզի պղնձի արտադրանքը կամ այն արտադրանքը, որի մեջ պղինձը լայնորեն օգտագործվում է, Հայաստանում այդպիսի արդյունաբերական պլատֆորմներ ևս լինեն։ Նույնը վերաբերում է ոսկուն, և սա էլ մի խնդիր է, որը չափազանց կարևոր է»,-ընդգծեց Փաշինյանը։