Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրի լողավազանը պաշտոնապես լիցենզավորվել է՝ որպես եվրոպական չափանիշներին համապատասխանող ջրային մարզաձևերի կենտրոն։ Սա թույլ կտա ընդլայնել մարզահամալիրում հյուրընկալվող մարզիկների և միջազգային հավաքաների աշխարհագրությունը։
Լիցենզիան հանձնել է Եվրոպայի ջրային ձևերի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Ջոզեպ Վարվոդիչը:
«Լողավազանը կառուցված է եվրոպական և համաշխարհային չափանիշներին համապատասխան: Այստեղ բոլոր հարմարությունները հիանալի են»,-ասել է Վարվորդիչը։
Մարզահամալիրի ղեկավար Վարդան Զաքարյանի (Իշխան Զաքարյանի որդու) խոսքով լիցենզիայի տրամադրումը կարևոր քայլ է մարզահամալիրի զարգացման համար․ «Առաջին հերթին այս լիցենզավորումը շատ լուրջ պատասխանատվություն է։ Այն նոր ճանապարհ է բացելու դեպի Եվրոպա, որը մեծ ձեռքբերում է մարզահամալիրի համար»,-ասել է նա: Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրի լողավազանի լիցենզավորումը նոր էջ է բացում հայկական ջրային մարզաձևերի զարգացման պատմության մեջ։