Փաշինյանը սրա մասին չէր խոսի, որպեսզի ցույց չտա, որ բանակցային գործընթացում կան խնդիրներ. Տիգրան Աբրահամյան


Փաշինյանը սրա մասին չէր խոսի, որպեսզի ցույց չտա, որ բանակցային գործընթացում կան խնդիրներ. Տիգրան Աբրահամյան
Հոկտեմբեր 1 17:42 2025

«Որևէ պայմաններում Նիկոլ Փաշինյանը սրա մասին չէր խոսի, որպեսզի ցույց չտա, որ բանակցային գործընթացում կան խնդիրներ, որովհետև 1.5 ամիս է հասարակությանը փորձում են ներկայացնել, թե խաղաղությունը ոչ թե ձգտում է այլ փաստ»,-ԱԺ միջանցքում պատասխանելով «զանգեզուրյան միջանց» տերմինից Սրասբուգում Փաշինյանի նյարդանալու պատճառների մասին հարցին՝ ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար ՏԻգրան Աբրահամյանը։

Ըստ նրա՝ այն, որ Ադրբեջանը շարունակում է խոսել ուժի դիրքերից և մեծացնում է ռազմական բյուջեն, ցույց է տալիս, որ Հայաստանի վրա ճնշումը կմեծանա և պահանջները չեն դադարի և կձգտի կորզել այն ամենը, ինչ կարող է։

Նշելով, որ «խաղաղություն» կոչվող փուչիկ է՝ ընդդիմադիր պատգամավորը նկատեց, որ մինչև ընտրությունները քիչ ժամանակ է մնացել, և իշխանության հաղթաթուղթը հասարակությանը «խաղաղություն» բառով թուղթ ներկայացնելն է։

Ըստ Աբրահամյանի, ԱՄՆ-ն շատ ավելի մեծ խնդիրներ ունի, Հայաստանը նրանց համար ամենօրյա զրույցի առարկա չէ և հայկական կողմն ամեն անգամ չի կարող զանգահարել և բողոքել պայմանագրի դրույթներից Ալիևի շեղումների մասին։

«Հայաստանի մասին հիշում են, երբ խոսում են այն տարածաշրջանների մասին, որտեղ Թրամփը «լուծել է խնդիրները»։ Բայց եթե խոշոր երկրների համար 10 գյուղ կամ քաղաք էական չեն, ապա Հայաստանի համար դա իշխանության և անվտանգության հարց է, իսկ ՀՀ իշխանությունները ոչ միայն չեն լուծում հարցերը, այլև՝ թույլ են տալիս Ադրբեջանին շանտաժ կիրառել»,- ասաց պատգամավորը։

Խոսելով Թուրքիայի Անվտանգության խորհրդում Հայաստանի հետ հարաբերությունների քննարկման և այդ ուղղությամբ առաջընթացի հնարավորության մասին, Աբրահամյանը վստահություն  հայտնեց, որ Թուրքիան փորձում է լրացուցիչ ճնշում գործադրել Հայաստանի վրա, որպեսզի Ադրբեջանի հետ համատեղ ուժերով նրան ստիպեն շարժվել իրենց ընտրած ճանապարհով։

44-օրյա պատերազմի հանգամանքները ուսումնասիրող հանձնաժողովի զեկույցի հետ կապված իրավիճակի վերաբերյալ Աբրահամյանն ասաց, որ քննիչ հանձնաժողովի զեկույցն աշխատելու է ՔՊ-ի դեմ։

«Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հարցազրույցների ձևով գիրք է հրապարակել, որը կարդում ես՝ հստակ պարզ է դառնում, թե ովքեր են եղել պարտության պատասխանատուները՝ այն ժամանակվա ռազմաքաղաքական իշխանությունը, որոնց  գործողությունների բացակայությունը բերել է նման իրավիճակի»,-նշեց աբրահամյանը՝ նշելով թե չգիտի, թե ինչպես են ներկայացնելու զեկույցով, բայց մի բան ակնհայտ է՝ իշխանության կողմից դատաիրավական համակարգին արվում են ուղղորդումներ, նշանակվում են «դավաճաններ»։

Ընդդիմադիր պատգամավորը համոզմունք հայտնեց,որ իշխանությունն ամբողջ պատասխանատվությունը թողնելու է բանակի վրա։