Տագնապային տրամադրություններ տարածելու փորձերով մի՛ մոլորեցրեք ժողովրդին. Անահիտ Ավանեսյանի խոսնակը՝ Ագնեսա Խամոյանին


Տագնապային տրամադրություններ տարածելու փորձերով մի՛ մոլորեցրեք ժողովրդին. Անահիտ Ավանեսյանի խոսնակը՝ Ագնեսա Խամոյանին
Հոկտեմբեր 1 16:39 2025

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանն այսօր ԱԺ ամբիոնից հայտարարել է, թե միայն 2024 թվականին 50 հազար քաղաքացու մոտ արձանագրվել է քաղցկեղ հիվանդություն։

Առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Մարիամ Ծատրյանը պարզաբանում է տարածել՝ պատգամավորին կոչ անելով չմոլորեցնել հանրությանը։

«Ինչպե՞ս կարելի է վիճակագրության հանդեպ լինել այսչափ անզգույշ, երբ հատկապես այն վերաբերում է մարդուն, մարդկային կյանքին:

Տիկին Խամոյանն ԱԺ բարձր ամբիոնից քիչ առաջ հայտարարում է, թե «...Միայն 2024 թվականին 50 հազար քաղաքացու մոտ արձանագրվել է քաղցկեղ հիվանդությունը»: Այնինչ, ինչպես ի պատասխան նրա գրավոր հարցմանն ենք ներկայացրել, հիմա ևս վերահաստատում եմ.

2024 թվականի դրությամբ ՀՀ-ում հաշվառված Է քաղցկեղ ունեցող 50 հազ. քաղաքացի, որոնցից առաջնակի հիվանդներն են 7000-ը: Հասկանում եք չէ՞ 50 հազարի և 7 հազարի տարբերությունը: Հասկանու՞մ եք չէ՞ հաշվառվածի և կոնկրետ տարում արձանագրվածի տարբերությունը:

Մի՛ մոլորեցրեք ժողովրդին` տագնապային տրամարդրություններ տարածելու փորձերով:

Խնդրում եմ լրատվամիջոցների մեր գործընկերներին զգոն լինել հնչեցված թվերի իսկության նկատմամբ»,- նշել է ԱՆ խոսնակը։