ՀՀ Վճռաբեկ դատարանը ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի և նրա պաշտպանի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժել է։
Ըստ Դատալեքսի՝ ՀՀ Վճռաբեկ դատարանի սեպտեմբերի 26–ի որոշման համաձայն նա առաջիկայում կտեղափոխվի քրեակատարողական հիմնարկ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ջալալ Հարությունյանը կրկին վճռաբեկ բողոք էր ներկայացրել՝ պահանջելով բեկանել իր վերաբերյալ վճիռը և կայացնել արդարացման դատական ակտ։
Նշենք, որ Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը դատապարտվել է 5.5 տարվա ազատազրկման։ Առաջին ատյանի դատարանի այս որոշումը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ դատարանում, ու մեղադրվող կողմը, ըստ տուժողների, ամեն ինչ անում է ՀՀ վերաքննիչ դատարանում նիստերը հետաձգելու համար, որպեսզի վաղեմության ժամկետի հիմքով ամբաստանյալը ազատվի պատասխանատվությունից։
Սակայն հունիսի 18-ին Վերաքննիչ դատարանը՝ դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, անփոփոխ թողեց Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի վերաբերյալ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վճիռը։ Արդյունքում, վերաքննիչ դատարանի որոշումը բողոքարկվել էր Վճռաբեկ դատարան, եւ դատարանը այն վարույթ չընդունեց։
Ջալալ Հարությունյանը մեղադրվում է սխալ հրաման տալու համար։ Իրավապահները պնդում են, որ հենց նրա գործողությունների հետևանքով Ցորի զորամասի 20 զինվոր հայտնվել է հակառակորդի թիրախում ու սպանվել, իսկ զորամասն անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ