ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է, որ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը չհրապարակելու որևէ միտում չկա և լիագումար նիստեր մտցնելու իրավական հիմքեր չկան։
«Մամուլում տեղ գտած հրապարակումները, որ ինչ-որ միտում կա դա չհրապարակելու, սխալ է, սա ոչ թե հրապարակելու-չհրապարակելու մասին է, այլ հրապարակելու ձևի մասին։ Այնուամենայնիվ, զեկույցը հրապարակվելու է, չի կարող չհրապարակվել, այլ հարց է, թե ինչ ֆորմատով։ Եթե անգամ դա մտներ ԱԺ լիագումար նիստ, միևնույն է, լինելու էր փակ ֆորմատով»,– ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Սիմոնյանը։
Սիմոնյանը նշեց՝ չի բացառում, որ կարող են լսումներ լինել փակ ֆորմատով, կարող են ընդդիմադիր պատգամավորները գնալ գաղտնի բաժին և ծանոթանալ։ «Հասկացեք, որ հնարավոր չէ զեկույց հրապարակել, որտեղ պայմանական մեր ԶՈՒ-ի մասին տեղեկություններ լինեն և դա ներկայացվի ուղիղ եթերում», - ասաց նա։
Սիմոնյանը նաև նշեց, որ ԱԺ կանոնակարգում այս մասին հստակ է գրված և քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը սխալ է մեկնաբանել կանոնակարգ օրենքը. «Ես իրեն հարգելով՝ կանոնակարգ օրենքի մեկնաբանության հետ կապված հարցում եմ արել և երեք նույնական պատասխան ստացել»։
ԱԺ նախագահը նշեց, որ Քոչարյանի հետ որևէ լարվածություն չկա, կա ուղղակի երկու տարբեր մեկնաբանությունների խնդիր։