«Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը որտեղի՞ց Ձեզ, որևէ մեկն իրավունք չունի ՀՀ ինքնիշխան տարածքի վրա անուն դնել, որն ընդունված չէ ՀՀ-ի կողմից. Փաշինյանը՝ ԵԽԽՎ պատգամավորին


«Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը որտեղի՞ց Ձեզ, որևէ մեկն իրավունք չունի ՀՀ ինքնիշխան տարածքի վրա անուն դնել, որն ընդունված չէ ՀՀ-ի կողմից. Փաշինյանը՝ ԵԽԽՎ պատգամավորին
Սեպտեմբեր 30 17:15 2025

Ձեր նշած խոսույթն ընդհանրապես գոյություն չունի և բացակա է այդ փաստաթղթերում. ասաց Նիկոլ Փաշինյանը՝ ի պատասխան Եվրոպական պահպանողականների կուսակցության անունից ԵԽԽՎ պատգամավորի հարցին, թե ի՞նչ տարբերություններ կան «Զանգեզուրի միջանցքի» հարցում ՀՀ-ի և Ադրբեջանի միջև։

«Դուք օգտագործում եք «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը, որտեղի՞ց այդ արտահայտությունը Ձեզ, որտե՞ղ եք կարդացել այդ արտահայտության մասին, չկա նման արտահայտություն, չի եղել, համոզված եղեք՝ չի լինի ՀՀ-Ադրբեջան համաձայնեցված որևէ փաստաթղթում»։

Պատգամավորը նշել էր՝ կասկածներ կան, որ այդ «միջանցք»-ի ստեղծումն ավելի շատ բխում է Ադրբեջանի, քան Հայաստանի շահերից։

«Որևէ մեկն իրավունք չունի ՀՀ ինքնիշխան տարածքի վրա անուն դնել, որը ընդունված չէ ՀՀ-ի կողմից։ Դա արդեն իսկ ձեռք բերված ինքնիշխանության փոխադարձ ճանաչման կոպտագույն խախտում է»,– ասաց նա։

«Օգտագործում եք բառապաշար, որը Վաշինգտոնի որևէ փաստաթղթում չկա, դեռ ընդհակառակը՝ վնաս է հասցնում խաղաղությանը։

Ես խստորեն դատապարտում եմ ձեր կողմից ապալեգիտիմ բառապաշարի օգտագործումը՝ այս հեղինակավոր դահլիճում»։