Կարող ենք այս պահին արձանագրել, որ իմպիչմենտի նախաձեռնությունը 34 ստորագրություն արդեն ունի, սա մեծ քայլ առաջ է գործընթացի համար. ԱԺ-ի դիմաց Նիկոլ Փաշինյանին հեռացնելու պահանջով անցկացվող բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց «Արթուն ենք» շարժման համակարգող Նարեկ Մալյանը, ով իմպիչմենտի գործընթացի նախաձեռնողներից է։
Հիշեցնենք, որ «Հայաստան» խմբակցության պատգամավորների ստորագրությունները փոխանցվել են «Պատիվ ունեմ»-ին, որպեսզի այն կցեն վարչապետ Փաշինյանին իմփիչմենթի ենթարկելու իրենց նախագծին:
«Չեմ կարողանում իմ հուզմունքը զսպել, շնորհակալություն բոլոր այն պատգամավորներին՝ անուն առ անուն, ովքեր միացան։ Ես հույս ունեմ, որ նաև հնարավորություն կունենանք ընդհանուր ճակատով ուս ուսի տված իրական կռիվ տալու։ Ընդդիմության ներսում այլևս թեժ անհասկացվածության որևէ առիթ չկա այս պահի դրությամբ, արձանագրենք լավ լուր, որ ընդդիմությունը գործի օրակարգի շուրջ միասնական է, որը պետք է փայփայենք, ուժեղացնենք, վերջնական արդյունքի հասնելու համար»,-ասաց նա։
Մալյանը խոսեց իմպիչմենտի գործընթացի ճանապարհային քարտեզի մասին. «Առաջին քայլը խորհրդարանական ընդդիմության միասնական ճակատի ստեղծումն էր, ինչի ականատեսը եղանք այսօր։ Սա փխրուն միասնականություն է, բայց հուսով եմ՝ պայքարի ընթաքցում կամրանա»։
Ըստ Մալյանի՝ երկրորդ քայլն այն է, որ պետք է նաև միավորել արտախորհրդարանական ընդդիմության միասնականությունը. «Ձևավորել մեկ միասնական ճակատ՝ ընդդեմ հայրենիքը հանձնողների։ Փաշինյանի՝ որպես «Կաշե բեսմերտնիի» մահը ընդդիմության կոնսոլիդացիայի մեջ է և նաև առանց հանրային և համազգային մեծ ընդգրկվածության է ինքը դատարպարտված։ Բայց մենք այսօր ականատես եղանք երեք կետերից առաջինի իրականացմանը, պետք է աշխատենք երկրորդ և երրորդ կետերին ուղղությամբ»։
Նա հույս հայտնեց, որ 36 ձայն կարող են ունենալ, բայց շեշտեց, որ գործընթացում պակասող ձայների մասին դրույթ գոյություն չունի։ «Եթե նույնիսկ 36-ը լինի, անմիաստ է մտնել, 3-օրյա ժամանակը վերցնել և փորձել ՔՊ-ականների հետ բանակցել և այս կողմ բերել։ Երբ կստեղծվի համազգայնության վիճակը, այդ ժամանակ էլ կանենք, իսկ դրա համար հիմա պետք է լծվենք գործի։ Սե՞նց բռնապետներ են կոնսերվա եղել»,-ասաց նա։