Իրական խաղաղության ճանապարհը մենք գիտենք և դա մենք ենք իրականացնելու, Նիկոլը չի իրականացնելու. ԱԺ-ի դիմաց Նիկոլ Փաշինյանին հեռացնելու պահանջով անցկացվող բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ ԳՄ անդամ, ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։
Նրա խոսքով՝ խաղաղություն կլինի այն դեպքում, երբ Հայաստանը վերականգնի իր անվտանգային բալանսը, այնպես, ինչպես եղել է դարերի ընթացքում, այդ թվում՝ իրենց իշխանության տարիներին։
«Նիկոլի սխալ քաղաքականության արդյունքում Ադրբեջանը սկսեց պատերազմ, երբ խախտվեց անվտանգության և արտաքին քաղաքականության բալանսը՝ իրենց սխալ ու հիմար հայտարարություններով»,– ընդգծեց Զաքարյանը։
Պատասխանելով հարցին, թե որն է ընդդիմության «խաղաղությանը» պատասխան փաստաթուղթը, Զաքարյանը նշեց․«Իրական խաղաղության ճանապարհը մենք գիտենք և դա մենք ենք իրականացնելու։ Նիկոլը և նրա իշխանությունը հերթական անգամ խաբում են ժողովրդին։ Սա խաղաղության փաստաթուղթ չէ, անգամ իլուզիա էլ չէ։ Քաղաքականությունից մի փոքր հասկացող մարդը կտեսնի, որ սա մտադրությունների փաստաթուղթ է․ բանակցել ենք ինչ-որ մի բան և ավարտել ենք, և այս իշխանությունը չպետք է փոխի այդ բանակցությունը»։
Նա նկատեց, որ հիմա խաղաղության նախապայմանը դարձրել են Սահմանադրության փոփոխությունը։ «Նիկոլը կգա և կասի՝ ինձ ընտրեք, որ ես Սահմանադրությունը փոխեմ, որպեսզի Ադրբեջանը խաղաղության պայմանագիր ստորագրի։ Հետո կասի՝ եկեք նաև ճանապարհ տանք։ Այսպես՝ տարիներ շարունակ, ու վերջում Հայաստանից ոչինչ չի մնա։ Ընթացքում չի բացառվում նաև մանր-մունր, կարճատև ագրեսիվ գործողություններ։ Սա է Նիկոլի պատկերացրած ապագան Հայաստանում»,-ասաց նա։