2023-ի սեպտեմբերի 25. պայթյուն Արցախում, որը խլեց հարյուրավոր կյանքեր և թողեց անպատասխան հարցեր


2023-ի սեպտեմբերի 25. պայթյուն Արցախում, որը խլեց հարյուրավոր կյանքեր և թողեց անպատասխան հարցեր
Սեպտեմբեր 25 10:25 2025

ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «2 տարի առաջ այս օրը, Արցախի դեմ ադրբեջանական հարձակման ու բռնի տեղահանման օրերին, ևս մեկ ողբերգություն արձանագրվեց` ՊԲ վառելիքաքսուքային պահեստը պայթեց, որի հետևանքով 200-ից ավելի մարդ մահացավ, շուրջ 2 տասնյակը մինչև հիմա անհետ կորած են համարվում:

 

Այս պայթյունի հետ կապված տարբեր վարկածներ շրջանառվեցին` ադրբեջանական հարվածից, ահաբեկչությունից մինչև անվտանգության կանոնների խախտում, սակայն մինչ այժմ այս թեմայի հետ կապված որևէ պարզաբանում, հստակեցում, առավել ևս` պատասխանատուների շրջանակ չկա:

 

Նախադեպը չունեցող ողբերգություն է տեղի ունեցել, հարյուրավոր մարդիկ են զոհվել, սակայն քննությունը մինչև հիմա արդյունք չի տվել և հիմնական հարցերի պատասխանը չկա` ի՞նչ է տեղի ունեցել իրականում և ո՞վ/ովքե՞ր են սրա համար պատասխան տալու:

 

Մինչև հիմա լուռ է ՊԲ այդ ժամանակվա հրամանատար Կամո Վարդանյանը և մինչ օրս որևէ հրապարակային խոսք չի հնչեցրել 2023 թվականի սեպտեմբերյան հարձակումների, արցախցիների բռնի տեղահանության և ՊԲ ենթակայությամբ օբյեկտի պայթյունի ու հարյուրավոր զոհերի մասին»: