Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին ճառը սկսեց դատարանի դահլիճում ներկաների ծափողջույներով։
«Փառք եմ տալու Աստծուն, որ իմ կենսագրությունը հարստացրեց վերջին այս 80 օրերի փորձությամբ, որ իմ կենսագրության համար հարստություն է։ Անշուշտ, այս ամենի նպատակն ինձ վարկաբեկելն էր, ցույց տալ հասարակության լայն զանգվածներին, որ տեսեք այն հոգևորականը, որին դուք տարիներով այդքան հարգել եք, ընդամենը սովորական հանցագործ էր»,-իր խոսքում ասաց Միքայել Սրբազանը։
Ըստ նրա՝ սակայն տեղի ունեցածը հակառակ ազդեցությունն ունեցավ, հիմա իրեն ավելի շատ մարդ է ճանաչում նաև Հայաստանի սահմաններից դուրս։
«Ես իմ ամբողջ կյանքը ապրել, ապրում եմ և շարունակելու եմ ապրել հայ ժողովրդի, հայկական պետականության, որն այսօր զավթված է, և Հայ եկեղեցու համար։ Շարունակելու եմ ծառայել այս գերբին ու դրոշին, որը ոմանք արատավորում են»,–ասաց նա։
Սրբազանը պարզաբանեց, թե ինչի համար է ինքը հետապնդվում։ «Արդեն ասվել է, որ այս ամենը քաղաքական պատվեր է և այն գնում-հասնում է 2018 թ, երբ Փաշինյանը ասաց՝ դառնում եմ վարչապետ, ասացի՝ չեղավ: Այդ օրվանից է սկսվում այս քաղաքական իշխանության մոտեցման փոփոխությունը իմ նկատմամբ, նաև «Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժումից, երբ որ իրենց հույսն այն էր, որ ես պիտի ոչ միայն հեղինակեմ այդ շարժումը, այլ պիտի միանամ և այլն և այլն: Եղավ հակառակը, և այդ ժամանակվանից սկսած՝ այս իշխանության աչքի փուշը դարձանք»,- ասաց նա:
Անդրադառնալով իրեն առաջադրված մեղադրանքին՝ Միքայել Սրբազանն ասաց՝ մեծ խանդավառությամբ քննադատություն հնչեցրել է նաև 2020-ի նոյեմբերի 9-ից հետո, բայց այդ հայտարարությունները հանցագործություն չեն դիտվել։
«Պատերազմական դրության ժամանակ ասել եմ, բայց հանցագործություն չի դիտվել։ 2021-ին ասել եմ նույն բաները, պարզվում է՝ հանցագործություն չեն տեսել։ 2022-ին տվել եմ հարցազրույց 168-ին, բայց հանցագործություն չեն դիտել։ Նույնն ասել եմ 2023-ին, ինձանից շատ ո՞վ է հարցազրույց տվել հոգևորականներից»,-ասաց նա։