Աշխարհը, որում շարունակում ենք արդեն մի քանի հազար տարի ապրել, շարունակում է մեզ համար մնալ անծանոթ վայր, ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Վերջին տարիների մեր արձանագրումն այն է, որ աշխարհն ավելի ու ավելի ծանոթ, կանխատեսելի վայր է դառնում։ Դա կախված է մեր մտածողության բանաձևերի զարգացման հետ, քանի որ կարծում եմ, որ մենք ի վերջո պետք է վստահ լինենք, որ մեր մտածողությունն ունի այն այնքան հարթություն, ինչքան հարթություն ունի աշխարհը; Վերջին շրջանի մի շարք իրադրձություններ ու արձագանքներ շատ տեսանելի են ցույց տալիս իմ ասած տեսության պրակտիկանացումը, քանի որ երբեմն որոշակի քաղաքական դիսոնանս կա և նույնիսկ վերլուծաբանները չեն կարողանում արձանագրել ու բացատրել, թե ինչպես է հնարավոր ռազմավարական գործընկերություն ունենալ ԱՄՆ-ի հետ, Չինաստանի հետ և պատրաստվել ռազմավարական գործընկերություն ունենալ Իրանի հետ»,-հավելեց Փաշինյանը։
Նա նշեց, թե չի մեղադրում այն գործընկերներին, ովքեր չեն մարսում այս իրողությունը։
«Սա է պատճառը, որ ես առիթ ունեցել եմ այս ամբիոնից ասելու, որ իրական Հայաստանի գաղափարախոսությունը կարևոր է, որ ամբողջության մեջ է իրական աշխարհի հետ։ Դա էլ է կարևոր, որ իրական Հայաստանի գաղափարախոսությունը կտրված չլինի իրական աշխարհից, հակառակ դեպքում էլի կստացվի, որ մենք փորձում ենք մտածողության մի կղզի ստեղծել, որը հաղորդակցություն չունի մնացած հատվածի և կանոնների հետ»,-ասաց նա։