Ո՞րն է, ի վերջո, իրավական աբսուրդը. լրագրողների հետ զրույցում հարց բարձրացրեց փաստաբան Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով Սամվել Կարապետյանին ևս 2 ամսով կալանավորելու որոշմանը։
Վարդևանյանը նշեց, որ երեկ դատավարությանը քննիչի միջնորդությունը վերաբերում էր կրկին հայտնի կոչերի մեղադրանքին. «Այսինքն՝ որևէ կոչի բացակայության պայմաններում կոչերի մեղադրանքին, այնուհետև՝ փողերի լվացմանը, հարկեր-տուրքեր չվճարելուն և այդ ամենի կազմակերպումը Սամվել Կարապատյանի կողմից։ Դատարանը դատական ակտով արձանագրել է, որ այդ մեղադրանքների փունջը հիմնավոր կասկածի շեմը չի հաղթահարել, այսինքն՝ հիմնավոր կասկած չկա։ Միաժամանակ դատարանը գտել է, որ իշխանությունը բռնությամբ զավթելու հրապարակային կոչերի հետ կապված հիմնավոր կասկած առկա է»,-պարզաբանեց փաստաբանը։
Նա հաստատեց, որ խոսքը «մեր ձևով» գործընթացին մասնակցելու մասին է, այն դեպքում, երբ ընդամենը Կարապետյանն իր մտահոգությունն է հայտնել Մայր Աթոռի վերաբերյալ։
««Դատավոր Տիգրան Դավթյանը գտնում է, որ փաստացի առկա տեսանյութի նկատմամբ, որն այլևս միշտ կլինի հասանելի, կարող է տեղի ունենալ խոչընդոտում»։
Հարցին՝ կարո՞ղ է վերացվի համացանցից՝ Վարդևանյանը պատասխանեց. «Չեմ պատկերացնում, որովհետև դրա բացվածքը չի տրամադրում դատարանը, երևի թե ծանրաբեռնված է։ Ամեն դեպքում, ավելի հեշտ պրոցես է մարդուն կալանքի տակ պահելը, քան պարզաբանելը, թե ինչու չի կարող լինել կալանքի տակ, ինչը աբսուրդ է»,-ասաց նա։
Բացի այդ, ըստ նրա՝ դատարանը գտել է, որ կա թաքնվելու ռիսկ։
«Այսինքն՝ լինելով հանրային անձ, ով հայտարել է իր քաղաքական հայտի, քաղաքական թիմ ձևավորելու մասին, պետք է ենթադրյալ միջին ծանրության պատժից վախենալու համար թաքնվի քննությունից, որի պատիժը կարող է լինել տուգանքը»,-ասաց նա։
Հարցին, թե այդ ամենից ի՞նչ կարող է եզրահանգել՝ պատասխանեց. «Այստեղ արդարադատություն տեղի չունեցավ»։