Սամվել Կարապետյանի ապօրինի կալանքը երկարաձգելու՝ դատախազության ներկայացրած միջնորդության քննությունը դեռ չի ավարտվել։ Այն ընթանում է՝ արդեն մոտ 3 ժամ։
Դատական նիստի ընդմիջմանը փաստաբաններից Արամ Վարդևանյանը լրագրողներին ասաց՝ ակնհայտ անհիմն միջնորդություն է ներկայացվել, հիմնավորվածության նվազագույն շեմը բնավ չհաղթահարված․
«Այս միջնորդությունը վերնագրված է՝ «Սամվել Կարապետյանին վերաբերող», սակայն Սամվել Կարապետյանի հետ առնչություն ընդհանրապես չկա»։
Վարդևանյանը հայտնեց՝ նիստը կարճ ժամանակ անց կվերսկսվի, երբ կավարտվի՝ հստակ չէ, Սամվել Կարապետյանի պաշտպանական խումբը դեռ չի ներկայացրել իր դիրքորոշումը դատական նիստի ընթացքում, մինչ այդ հարցուպատասխան է սպասվում։
«Քննիչի ններկայացրած միջնորդության վերաբերյալ բնականաբաար, ունենք հարցադրումներ»,- նշեց փաստաբանը։
Ինչ վերաբերում է Սամվել Կարապետյանի՝ արդեն 55 օր շարունակվող կալանքին, ապա Արամ Վարդևանյանը շեշտեց․
«Վարույթ իրականացնող մարմինը գտնում է, որ կալանքը պետք է շարունակվի՝ այն պարագայում, երբ ի սկզբանե, երբ այս խափաման միջոցն ընտրվեց, արդեն իսկ իրավական իմաստով խայտառակություն էր։ Հիմա այդ խայտառակության շարունակությունն է փորձ արվում իրականացնել դատարանում»։
Փաստաբանը այնուհանդերձ հույս հայտնեց, որ դատարանը գուցե անաչառ գտնվի։