Ով ինչ լուր ուզում շրջանառում է և ինձ համար անհասկանալի աժիոտաժ սարքում․ Գրիգոր Տեր-Ղազարյան


Ով ինչ լուր ուզում շրջանառում է և ինձ համար անհասկանալի աժիոտաժ սարքում․ Գրիգոր Տեր-Ղազարյան
Հուլիս 28 19:37 2025

Ցավոք այսօր ով ինչ լուր ուզում շրջանառում է։ Այս մասին ասաց «GTB Holdings»-ի սեփականատեր Գրիգոր Տեր-Ղազարյանը՝ պատասխանելով Tert.am-ի այն ճշտող հարցին, որ ինքը ֆեյսբուքյան իր էջից հեռացրել է ՀԷՑ-ը գնելու վերաբերյալ հերքող գրառումը, և նորից լուրեր են շրջանառվում, որ ՀԷՑ-ի ապագա սեփականատերը հենց ինքն է, ունի՞ որևէ մեկնաբանություն սրա վերաբերյալ։

«Ով ինչ լուր ուզում շրջանառում է այսօր և գոնե ինձ համար անհասկանալի աժիոտաժ սարքում»,-ասաց Տեր-Ղազարյանը և որևէ այլ մեկնաբանություն չտվեց։

Քիչ առաջ էլ Գրիգոր Տեր-Ղազարյանը ֆեյսբուքյան գրառմամբ է անդրադարձել շրջանառվող լուրերին։

«Ընկերներ, ՀԷՑ-ն այս պահին «Տաշիր» ընկերությանն է պատկանում, որտեղ պետությունը կառավարիչ է նշանակել և որոշակի պրոցեսներ է տեղի ունենում: Հիմա հարց. ինչպե՞ս կարող եմ ես այն գնել: Խնդրում եմ ինձ / մեզ հանգիստ թողեք»,-գրել է Տեր-Ղազարյանը:

Հիշեցնենք, որ հոլդինգի փոխտնօրեն Թեհմինա Վարդանյանն այսօր  Factor.am-ի հետ զրույցում ասել էր, որ «GTB Holdings»-ը ներգրավված չէ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն գնելու բանակցություններում։

Նշենք, որ GTB Holdings-ը պատկանում է Վազգեն Սարգսյանի եղբոր՝ Արմեն Սարգսյանի փեսա, գործարար Գրիգոր Տեր-Ղազարյանին։ ՀԷՑ-ում պետական կառավարիչ նշանակելուց հետո լրատվամիջոցներում շարունակում են լուրեր շրջանառվել, որ ընկերությունը գնելու է Գրիգոր Տեր-Ղազարյանը։ Ուշագրավ է, որ Թեհմինա Վարդանյանը հերքում է միայն GTB Holdings-ի մասնակցությունը ՀԷՑ-ը գնել-չգնելու բանակցություններում, իսկ ահա Գրիգոր Տեր-Ղազարյանի մասնակցությունը չի հերքում։ «GTB Holdings-ը որևէ բանակցություններում ներգրավված չէ, պաշտոնապես ասում եմ, բայց թե Գրիգոր Տեր-Ղազարյանը առանձին հանդիպումներ է ունենում, քննարկումներ է ունենում, բանակցություններ է ունենում, այդ մասով որևէ բան չեմ կարող ասել, որովհետեև այնպես չէ, որ GTB Holdings-ը Գրիգոր Տեր-Ղազարյանի միակ գործունեության ոլորտն է, չեմ բացառում»,-ասաց Թեհմինա Վարդանյանը։

Նշենք, որ Գրիգոր Տեր-Ղազարյանի անունը ՀԷՑ-ը գնելու հետ կապվեց այն բանից հետո, երբ լրագրողներն արձանագրեցին, թե նա ինչպես է հուլիսի 24-ին ցուցադրաբար այցելել ՀԷՑ։ Նա հրաժարվել էր լրագրողների հարցերին պատասխանել, թե այցի վերաբերյալ, թե ՀԷՑ-ը գնելու։ Տեր-Ղազարյանը ավելի ուշ ֆեյսբուքում գրառում էր կատարել՝ շեշտելով․ «Ես ո՛չ պատրաստվում եմ ՀԷՑ-ի բաժնեմաս ձեռք բերել, ո՛չ էլ առհասարակ ՀԷՑ-ի հետ որևէ առնչություն ունեմ»։

ՀԷՑ-ը գնելու վերաբերյալ տեղեկությունները կտրուկ հերքող գրառումը, սակայն, Գրիգոր Տեր-Ղազարյանը հեռացրել է ֆեյսբուքյան իր էջից։ Ինչո՞ւ է հեռացրել գրառումը, հետաքրքրվեցինք Թեհմինա Վարդանյանից։ «Չեմ կարող ասել, թե ինչու է ջնջել։ Ինձ էլ է հետաքրքիր ինչու է ջնջել»,-ասաց նա։ Հարցին՝ սա արդյո՞ք նշանակում է, որ հնարավոր է Տեր-Ղազարյանը ՀԷՑ-ը գնի, Թեհմինա Վարդանյանը պատասխանեց․ «Չեմ բացառում։ Ես ինքս դա տեսնում եմ մամուլից»։