«Հրապարակ օրաթերթը» գրում է․ Գորիսում տեղի ունեցած ՔՊ քաղաքական ժողովից երկու օր հետո շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն ազատման դիմում գրեց, նրան այդ պաշտոնում փոխարինեց նախկին փոխվարչապետ, Արմավիրի նախկին մարզպետ, ներկայում Փաշինյանի խորհրդական Համբարձում Մաթեւոսյանը։
Սիմիդյանն այս պաշտոնը զբաղեցնում էր 2021-ի դեկտեմբերից, եւ, կարելի է ասել, նշանակման օրվանից գոնե ՔՊ-ում քննարկում էին, որ նա չի տիրապետում ոլորտին, ապա՝ ձախողել է այն, նրա պաշտոնավարման վերաբերյալ դժգոհություններ ՔՊ-ում միշտ են եղել, իսկ վերջին երկու տարիներին տարբեր խոսակցություններ կային նախարարի ոչ ադեկվատ պահվածքի, ոչ այնքան թափանցիկ եւ մաքուր գործելաոճի վերաբերյալ, բայց Սիմիդյանը շարունակում էր մնալ պաշտոնում, քանի որ ոչ միայն ինքը, այլեւ հատկապես իր քույրը մտերիմ է Աննա Հակոբյանի հետ` ԱՄՆ-ում նրա հիմնադրամի ներկայացուցիչն է եւ բիզնես-գործընկերը։
Սիմիդյանը Նիկոլ Փաշինյանի ամենամտերիմ եւ ամենավստահելի անձանցից է, նա դեռ 2008-ին է Փաշինյանին՝ հետախուզման մեջ գտնվելու ընթացքում, մի շրջան իր տանը թաքցրել: Հետո նրան էր տեղափոխում` վարորդ-օգնականի կարգավիճակում։ ԱՄՆ այցերի ժամանակ էլ Աննա Հակոբյանին նրա քույրը` Արաքս Սիմիդյանն է ուղեկցում:
Նույնիսկ ԶԼՄ-ներում լուսանկարներ հրապարակվեցին, թե ինչպես էր Լոս Անջելես մեկնած Աննա Հակոբյանն օդանավակայանում իջել եւ գողեգող` գլուխն ուսերի մեջ թաքցրած, փորձում էր աննկատ հեռանալ, նրան դարձյալ դիմավորում էր Սիմիդյանի քույրը, որը երկար տարիներ բնակվում է ԱՄՆ-ում: Բայց Նիկոլ Փաշինյանին ճանաչողները լավ գիտեն, որ մարդկային հարաբերությունները նրա համար ոչինչ չեն նշանակում, եւ նա, որպես կանոն, իր շահերով է առաջնորդվում` այդ պահին պետք է՝ կօգտվի, հաջորդ պահին պետք չէ` դեն կնետի:
ՔՊ-ական մեր աղբյուրն ասում է, որ Սիմիդյանին էլի կհանդուրժեին նախարարի պաշտոնում, եթե չլինեին Գորիսի ժողովը եւ այդ ժողովում Սիմիդյանի պահվածքը։ Մեզ պատմեցին, որ նա միակ ՔՊ-ականն է եղել, որ հակադրվել է Նիկոլ Փաշինյանին՝ կապված սեպտեմբերին կայանալիք համագումարի ժամանակ վարչության ընտրությունների կազմակերպչական աշխատանքների հետ։ Նա առարկել է՝ ակնարկելով, որ նախորդ ընտրությունների պատկերն ենք նորից ունենալու, երբ մի խումբ ՔՊ-ականներ կեղծիքներ իրականացրին, եւ բարձրացած աղմուկից ու վերահաշվարկի դիմումից հետո ընտրության արդյունքները փոխվեցին, փոխվեց նաեւ վարչության կազմը։
ՔՊ-ականներն անմիջապես հասկացել են, որ Նիկոլ Փաշինյանը չի ներելու Հակոբ Սիմիդյանին` իրեն հակաճառելու համար, եւ հենց այդ օրը շատերի համար պարզ է եղել, որ Սիմիդյանը պատժվելու է։ Մեր աղբյուրի պատմելով` Փաշինյանին վերջին շրջանում հաջողվել է թիմին բռի մեջ հավաքել, եւ դա եղել է Սամվել Կարապետյանի հետ կապված իրադարձություններից հետո, երբ ՔՊ-ում ընդվզում է առաջացել, ոմանք մտածել են, որ շանս է բացվել իշխանական նավից թռչելու` ազատագրվելու, բայց Փաշինյանը գործի է դրել շանտաժի իր ողջ գործիքակազմը եւ կարողացել է բոլորին հնազանդեցնել։
Պատմում են, որ Նիկոլ Փաշինյանը թիմին ասել է՝ եթե 2026-ին չվերընտրվեն, ապա իրենք ավելի վատ վիճակում են հայտնվելու, քան ինքը` Փաշինյանը։ Հետեւաբար, բոլորը մեկ մարդու պես պետք է աշխատեն հանուն վերարտադրության, եւ կարեւոր չէ, թե ով ցուցակի որ մասում կլինի` առաջին, թե վերջին հորիզոնականներում կամ` առհասարակ չի լինի։
Իրենց համար վատ է լինելու ոչ թե այն պատճառով, որ հանրային «սամասուդի» են արժանանալու 7 տարում գործած ավերմունքի պատճառով, այլ որ նրանց մասին ինքն անծայրածիր տեղեկությունների է տիրապետում, եւ թիմին հասկացրել է, որ ում դեմ ինչ կոմպրոմատ կա, դաշտ կնետվի, բոլորի կյանքը դժոխքի կվերածվի` այնպես, որ չկարողանան ոչ միայն տնից դուրս գալ, այլեւ տնեցիների աչքերին նայել: Ուղիղ չի ասել, բայց ՔՊ-ում հասկացել են, որ այդ կոմպրոմատները դաշտ նետողը հենց ինքն է լինելու, քանի որ ԱԱԾ խողովակներով մեծ տեղեկատվության է տնօրինում։ Սա նկատելի է անգամ որոշ ՔՊ-ականների պահվածքից, դիցուք՝ Փաշինյանից նեղացած եւ նրա հետեւից բողոքող Լուլուն եւ Արփի Դավոյանն անգամ հիմա կայքից կայք են վազում եւ Փաշինյանին փառաբանող, ընդդիմությանը սատկացնող հարցազրույցներ տալիս։ Առհասարակ, ՔՊ-ում առաջնորդին քծնելու, ընդդիմադիրներին բզկտելու մրցավազք է հայտարարված, քանի որ զգուշացվել են՝ ով պասիվ լինի, չի ներվի։
Երեկվա ասուլիսում, ի դեպ, Փաշինյանին հարցրին՝ ճի՞շտ են խոսակցությունները, որ ՔՊ-ում փոփոխություններ են լինելու` կուսակցությունում մնալու են միայն ակտիվ գործիչները։ Նա հայտարարեց, թե իրենց կուսակցությունը միշտ է ակտիվ, եւ կուսակցությունում մնում են նրանք, որոնք ուզում են մնալ, եւ որոնց կուսակցությունից հեռացնելու հիմքեր չկան։ Նրա պահվածքը եւ խոսույթը հատատում են այն տեղեկությունը, որ ՔՊ-ում այլեւս ճորտատիրական կարգեր են հաստատվել, եւ երբ «ճորտերից» մեկը՝ Սիմիդյանը, հրապարակավ հակառակվել է, Փաշինյանը որոշել է զոհաբերել նրան, որպեսզի իր հեղինակությունը թիմում չսասանվի, եւ մյուսների աչքը վախեցնի: Ի դեպ, ՔՊ-ում կարծում են, որ Սիմիդյանը երկար անգործ չի մնա, մի տեղ կտեղավորի նրան՝ տպավորություն ստեղծելով, որ պատժեց, խելոքացրեց, հիմա ներում է, թողնում է, որ ապրի։