«Հրապարակ օրաթերթը» գրում է․ Տեւական ժամանակ է` լուրեր կան ՀԱԿ-ՀՀԿ բանակցությունների մասին, որ հաջորդ ընտրություններին նոր ճակատով, նոր դեմքով մասնակցեն։
Կողմերը, իհարկե, հերքում են եւ հերքելու են, քանի դեռ այն միս ու արյուն չի ստացել:
Սակայն պարբերաբար լրատվամիջոցներում լուրեր են սպրդում այդ մասին: Մոտ մեկ տարի առաջ լուրեր տարածվեցին, թե նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը, նախկին ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը, նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը, քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության ղեկավար Սուրեն Սուրենյանցը եւ ուրիշներ բանակցում են հնարավոր միավորման շուրջ։
Հիմա լուրեր կան, որ տարբեր կոնֆիգուրացիաներ են քննարկվում:
Օրինակ, այս անձանց մի մասը կարող է լինել, կարող է եւ չլինել: Կարող են միանալ նաեւ «Ապրելու երկիրը», Կենտրոնի նախկին թաղապետ Վիկտոր Մնացականյանի «Հաղթանակ» կուսակցությունը, անգամ Էդմոն Մարուքյանի ԼՀԿ-ի անունն է հնչում: Այսինքն, այն բոլոր անձանց եւ ուժերի, որոնք ո՛չ նախկինների հետ են ասոցացվում, ո՛չ ներկաների եւ կարող են հավակնել «երրորդ ուժի» տեղին։