Քաղաքագետ Հակոբ Բադալյանը գրում է․
ԵՄ-ն Հայաստանին ու Ադրբեջանին կոչ է անում արագացնել խաղաղության պայմանագրի ստորագրումը: Աբու Դաբիի հանդիպումից հետո հնչած այդ կոչը կարո՞ղ է նշանակել, որ հանդիպումը ըստ էության չի նպաստել «արագացմանը», այսինքն չի ունեցել սկզբունքային համաձայնությունների շրջանակ:
ԵՄ պաշտոնական ներկայացուցչի հայտարարությունը համենայն դեպս արժանի է ուշադրության: Ինչու՞ բարձրաձայնել «արագացնելու» կոչ, եթե տեղի է ունեցել հանդիպումը, որը՝ ըստ էության ինքնին ենթադրվում է իբրեւ «արագացման» քայլ: Թե՞ Բրյուսելը ունի այլ գնահատական եւ համարում է, որ Աբու Դաբիում ոչ թե տեղի է ունենում արագացում, այլ տեղի ունենում ավելի շուտ եւ ավելի շատ պրոցեսի տրանսֆորմացիա եւ շարժ դեպի աշխարհաքաղաքական «գլոբալհարավային» կամ «մեծեվրասիական» ուղղություն, ինչի մասին դիտարկումներ ինքս անում էի դեռեւս հանդիպումից առաջ:
Ի դեպ, ինչպես առիթ եմ ունեցել խոսելու այս օրերին մի քանի հարցազրույցի ընթացքում, ուշադրության արժանի է հանգամանքը, որ հենց Աբու Դաբիի հանդիպմանը «զուգահեռ» Երեւանը բարձրաձայնեց Շանհայի գործակցության կազմակերպությանն անդամակցելու մտադրության մասին:
Հայ-ադրբեջանական պրոցեսի հնարավոր շարժն իհարկե չի ենթադրելու, որ ԵՄ-ն կմնա խաղից դուրս: Ավելին, դիտարկեմ անմիջական կապ չունեցող, սակայն շատ էական մի հանգամանք եւս: ԵՄ-ն ու կենտրոնասիական հանրապետությունների միջեւ մեկնարկել է հակաահաբեկչական պայքարի երկխոսություն: Սա նոր կոմպոնենտ է ԵՄ-Կենտրոնական Ասիա հարաբերությունում: Իհարկե, թերեւս հարաբերական է, թե ԵՄ-ն ինչ գործնական հնարավորություն ունի այդ կոմպոնենտի մրցակցային բաղադրիչի գործակցի առումով, օրինակ Չինաստանի, Ռուսաստանի, կամ հենց Թուրքիայի ռեգիոնալ ներկայության համեմատությամբ: Բայց, Եվրամիության ջանքը՝ մնալ մրցակցության մեջ, իհարկե ակնառու է, անկախ այդ ջանքի արդյունավետության իրական հնարավորությունից:
Հետեւաբար, իհարկե ԵՄ-ն շաարունակելու է մրցակցության մեջ մնալու ջանք գործադրել նաեւ հայ-ադրբեջանական թեմատիկայի առումով: Բայց, «արագացնելու» մասին ԵՄ ներկայացուցչի արտահայտությունը թերեւս իր տողատակում թույլ է տալիս նշմարել որոշակի դժգոհություն Աբու Դաբիի հանդիպումից: