ԱԺ պատգամավորի աշխատավարձն ավելի բարձր է, քան Վիճակագրական կոմիտեի կողմի տրամադրված միջին աշխատավարձը։ Դատախազությունը փաստացի նպատակահարմար է գտել այս դրվագով անտեսել Ազգային ժողովի պատգամավորի աշխատավարձը, որն ամրագրվել է օրենքով: Դատախազությունը անտեսել է նաև օրենքի մեկ այլ դրույթ, որը սահմանել է, թե ի լրումն աշխատավարձի, ինչքան գումար է վճարվում պատգամավորական գործունեության համար: Դավիթ Հարությունյանը պնդեց, որ դատախազությունը դիտավորյալ չի ղեկավարվել տվյալ օրենքով, փոխարենը՝ ղեկավարվում է աբսուրդի հասնող դատախազական պրակտիկայով։
Դատախազությունը Դավիթ Հարությունյանի եկամուտների հաշվարկային այդ նույն մեթոդոլոգիան կիրառել է նաև Երևանի քաղաքապետարանում աշխատալու տարիների դեպքում։ Այս դրվագով ևս դատախազությունը մինչև հայցադիմում ներկայացնելը որևէ պաշտոնական հարցում չի ուղարկել Երևանի քաղաքապետարան, և իր հայեցողությամբ հիմնվել է Վիճակագրական կոմիտեի տրամադրած տվյալների վրա։
Հայցադիմումն ընդգրկող ամբողջ ժամանակահատվածում Դավիթ Հարությունյանի գործատուն եղել է Հայաստանի Հաանրապետությունը՝ դպրոց, Երևանի քաղաքապետարան, ՀՀ Ազգային Ժողով, ՀՀ Արդարադատության նախարարություն։ Հայցը ներկայացնելուց առաջ դատախազությունն ունեցել է 3 տարի ժամանակ՝ անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը ստանալու և իրական եկամուտները ճշգրտելու համար, ինչը, սակայն, չի արել։
«Սա եղել է դիտավորյալ անգործություն։ Չեն ուզեցել պարզել ճշմարտությունը։ Չեն արել, որովհետև չէին ուզում։ Սա օրենքով նախատեսված գործողություն է, որ չի իրականացվել»,– հայտարարեց Դավիթ Հարությունյանը։
Նրա համոզմամբ՝ դատախազությունը հենվել է ոչ թե օրենսդրության, այլ իր նախընտրած պրակտիկայի վրա՝ ընտրովի տվյալներ վերցնելով տարբեր աղբյուրներից և անտեսելով այն փաստերը, որոնք կբացահայտեին իր իրական եկամուտները։
Աշխատանքային ժամի ավարտով պայմանավորված՝ նիստը հետաձգվեց։ Դատական այս հայցի առարկայի հիմքերի քննությունը շարունակվելու է հաջորդ դատական նիստին, որը նշանակվել է ս.թ. սեպտեմբերի 3-ին։